Փոլ Մաքքարթնիի դուստրը ճանաչվել է Բրիտանիայի լավագույն դիզայներ
Փոլ Մաքքարթնիի դուստր Ստելա Մաքքարթնին դարձել է բրիտանական նորաձևության աշխարհի ամենակարևոր իրադարձության՝ British Fashion Awards-2012 մրցանակաբաշխության դափնեկիրը, հաղորդում է Вести-ն։
Նա ստացել է միաժամանակ երկու մրցանակ՝ «Տարվա դիզայներ» և «Տարվա լավագույն բրենդ» անվանակարգերում։
Միջոցառումը տեղի է ունեցել երեքշաբթի, նորաձևության ոլորտի անվանի փորձագետների մասնակցությամբ, լոնդոնյան Savoy հյուրանոցում։ Մրցանակները շնորհել են հոլիվուդյան աստղ Սալմա Հայեքը և Բրիտանիայի նորաձևության խորհրդի նախագահ Հարոլդ Թիլմանը։
Ստելա Մաքքարթնիին հաղթանակ է բերել Միացյալ Թագավորության մարզիկների՝ գեղեցիկ և «հաջողակ» դարձած մարզահագուստը, որը նա ստեղծել էր Լոնդոն- 2012-ի համար։
Դեռևս գարնանը մարզահագուստի պաշտոնական ներկայացման ժամանակ մասնագետները նշել էին դրանց նրբագեղ զսպվածությունը և դիզայնում Միացյալ Թագավորության դրոշի հաջողակ օգտագործումը։ Ստելա Մաքքարթնին խոստովանում է, որ բրիտանական դրոշը համարում է աշխարհում ամենագեղեցիկներից մեկը։










