2013-ը կլինի Ռիխարդ Վագներին նվիրված մշակութային տարի
Մշակույթի ոլորտում գալիք 2013 թվականը նվիրված կլինի հանճարեղ գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Վագներին։ Ողջ երաժշտական և թատերական աշխարհն այս կապակցությամբ նախապատրաստում է բազմազան միջոցառումներ, գրում է UK News-ը։
Թեև Վագների տարվա մեկնարկին դեռևս 1 ամիս կա, այնուամենայնիվ, մի շարք արվեստագետներ որոշել են չսպասել հաջորդ տարվան և արդեն հիմա հանդիսատեսին են առաջարկում տաղանդավոր գերմանացուն նվիրված բազմազան միջոցառումներ։
Նման շտապողականության պատճառն այն է, որ Վագներին նվիրված միջոցառումները շատ են և չեն տեղավորվի ընդամենը 1 տարվա շրջանակներում։ Ասվածի վառ օրինակն է Լոնդոնի թագավորական օպերան, որի պաստառների վրա արդեն կարելի է տեսնել Վագների հանրահայտ «Նիբելունգի մատանին» օպերան։
«Վագները միանգամայն յուրահատուկ կոմպոզիտոր է և ոչ մեկին նման չէ։ Նա ամբողջությամբ կլանում է ձեզ, փոխարենը տալիս որևէ այլ բանի հետ անհամեմատելի զգացողություններ։ Բացի այդ, Վագները, անկասկած, արտասովոր և նույնիսկ հեղափոխական պահանջներ է ներկայացնում իր ունկնդիրներին։ Կոմպոզիտորն իր առաջ նպատակ է դրել ամբողջովին փոխել իր ունկնդրին, ընդլայնել նրա մտահորիզոնը, սթափեցնել, շոկի մեջ գցել, ներթափանցել մինչև սրտի խորքը։ Վագները հանճարեղ կոմպոզիտոր է, սակայն շատ հավակնոտ։ Նա այն մարդկանցից է, ովքեր փոխում են մարդու կյանքը»,- ասել է հայտնի դիրիժոր Անտոնիո Պապանոն։










