Գառնու ձորի տարածքում «Քարերի սիմֆոնիան» վերածվում է Ջուղայի գերեզմանոցի. ահազանգում են բնապահպանները
Լուսանկարը՝ econews.am-ի
Գառնու ձորի տարածքում «Քարերի սիմֆոնիան» վերածվում է Ջուղայի գերեզմանոցի. այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման ահազանգ հնչեցրին բնապահպան ակտիվիստներ Սամվել Հովհաննիսյանը և Սարմեն Շահիջանյանը, այն դեպքում, երբ համաձայն կառավարության որոշման՝ «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտները համարվել է երկրաբանական հուշարձան, բայց այն Բնապահպանության նախարարության թերացման պատճառով դեռևս անձնագիր չունի:
Բնապահպան ակտիվիստները բարձրաձայնեցին, որ աշխարհում եզակի վեցանկյուն քարերի ոչնչացման տեսարանները մի քանի անգամ իրենք նկարահանել են (տեսանյութը ներկայացնում ենք կից): «Վերջին անգամ մենք քարերի ոչնչացման դեպքերին ականատես եղանք նոյեմբերի 26-ին, բայց իրականում ավելի վաղ էր սկսել: Տեսանյութում երևում է, որ մեկամսյա պարբերական աշխատանք է տարվել: Բանվորները կոտրում և տանում էին քարերը, որպես շինանյութ, օգտագործելու նպատակով»,- ասաց Սամվել Հովհաննիսյանը և նշեց, որ երբ իրենք փորձել են մոտենալ և խոսել, թե ում համար և ում պատվերով են տանում քարերը, բանվորները գործիքները թողել և փախել են:
Սամվել Հովհաննիսյանը տեղյակ չէր, թե բեռնատարներով որտեղ են քարերը տեղափոխում: Նա հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ, երբ աղմուկ բարձրացավ, որ Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի ամառանոցն են այդ քարերով կառուցում, ոստիկանությունը քրեական գործ հարուցեց, բայց այդպես էլ շարունակություն չգտավ: «Ոստիկանությունը հայտարարեց, որ տարածքը հսկվելու է, բայց իրականում չի հսկվում: Մեկը կա նստած՝ բոլորից փող է վերցնում, մյուսը՝ հանքավայրի է վերածել»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա իրանահայ ակտիվիստ Սարմեն Շահիջանյանը նշեց, որ անհնար է, նման մեծածավալ աշխատանքներ կատարել և պետական մարմինները տեղյակ չլինեն. «Ապշել կարելի է»,-ասաց նա:
Սփյուռքահայ բնապահպանը տեղեկացրեց, որ իրենք դեռևս առաջին անգամ տեսնելով նման վանդալիզմը հոկտեմբերի 22-ին, հանդիպել են գյուղապետի հետ, ով հավատացրել է, թե կդիմի ոստիկանություն:
«Սկսում եմ մտածել, որ գյուղապետը կամ գործ չի անում, կամ դիտավորյալ պարտակել է»,-ասաց նա և ավելացրեց, որ բեռնատարները չեն կարող աննկատ տանել, քանի որ երկու ճանապարհ կա, և երկու մոտքն էլ հսկելը դժվար չի:
«Ես զարմացած եմ, պետական մարմիններն ամեն օր բարձրաձայնում են, ուզում ենք զբոսաշրջությունը զարգացնենք, և բոլորն էլ գիտեն, որ Հայաստան այցելողներն առաջինը Գառնի և Գեղարդ են գնում»,- ասաց նա և նկատեց, գյուղացիները չեն էլ թաքցնում, որ քարերը՝ որպես շինանյութ, պոկում տանում են:
«Շշուկներ են պտտվում, որ գյուղացիներն էլ տանում, վաճառում են, հաճախորդներ են գտնում ու 500-600 դրամով վաճառում: Մինչդեռ չեն մտածում, որ դրանք նույն գյուղացու համար այլ եկամուտ կապահովեն, ոչ թե քարը ջարդես երկու օր ապրես դրանով»,- ասաց նա:
Ակտիվիստները նաև նշեցին, որ Գառնիում մեծահարուստների տներ կան, որոնք կառուցվել են այդ քարերով, կառավարության՝ հուշարձանների ցանկում ավելացնելուց հետո:










