Հունաստանն ու Կիպրոսը ճգնաժամի պատճառով կարող են չմասնակցել «Եվրատեսիլ»-ին

15:28 • 29.11.12

Հունաստանն ու Կիպրոսը հնարավոր է հրաժարվեն «Եվրատեսիլ» ամենամյա երգի մրցույթին մասնակցությունից՝ ճգնաժամի պատճառով, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով հունական «Վիմա» թերթին։


Մրցույթին մասնակցությունը Կիպրոսին կարժենա մոտ 150 հազար եվրո, և Կիպրոսի ռադիոհեռարձակման կորպորացիան որոշում է՝ արժե՞ արդյոք ծախսել այդքան գումար մրցույթի համար։

 

Կիպրոսը դեռ չի ստորագրել «վարկատու եռյակի»՝ Եվրոպական Միության, Եվրոպական կենտրոնական բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ հերթական ֆինանսական օգնության մասին համաձայնագիրը։ Գումարի վերջնական չափի որոշման համար կպահանջվի ևս մի քանի շաբաթ, իսկ մասնակցությունը մրցույթին կարող է բարդացնել բանակցությունները։


Ռադիոհեռարձակման կորպորացիայի տնօրենների խորհուրդն այդ հարցի վերաբերյալ որոշում կկայացնի հաջորդ շաբաթ։


Մրցույթին մասնակցելու հարցը քննարկում է նաև Հունաստանի պետական հեռուստաընկերության ղեկավարությունը, և Կիպրոսի դիրքորոշումն այդ հարցում կլինի որոշիչ. առանց 12  միավորի, որոնք ավանդաբար Կիպրոսը տալիս է հույն կատարողին, Հունաստանին դժվար կլինի մրցել այլ երկրների հետ, նշում են դիտորդները։
 

Հիշեցնենք, որ օրեր առաջ մրցույթին մասնակցությունից հրաժարվել են Լեհաստանն ու Պորտուգալիան։