Հայաստանում աճել են ձկնարտադրության ծավալներն ու ձկնամթերքի արտահանումը

18:00 • 11.12.12

2012-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում ձկնաբուծության արտադրությունը կազմել է 8151 տոննա, ինչը 1337 տոննայով ավելի է 2011-ի տվյալների համեմատ (2011-ին արտադրվել է 6814 տոննա), այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գյուղատնտեսության նախարարության ձկնաբուծության և մեղվաբուծության բաժնի պետ Տիգրան Ալեքսանյանը:

 

«2012 թվականին ավելացել են նաև ձկան արտահանման ծավալները, համեմատած 2011-ի, երբ արտահանվել է շուրջ 900 տոննա, իսկ այս տարի շուրջ 1200 տոննա։ Ավելացել են ՌԴ ձկնամթերք արտահանող տնտեսությունների ցանկը 7 կազմակերպությունով` 22-ից դառնալով 29»,- ասաց Տիգրան Ալեքսանյանը:

 

Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը հույս հայտնեց, որ մինչև տարվա վերջ ևս 10 կազմակերպությունով կավելանա Ռուսաստան ձկնամթերք արտահանող կազմակերպությունների թիվը:

 

Ինչպես հայտնեց Տիգրան Ալեքսանյանը ՀՀ կառավարության գերակա խնդիրների ցանկում ձկնաբուծությունն ընդգրկվել է որպես գերակա ճյուղ և 2012 թվականի համար երեք հիմնական հանձնարարական է եղել, որոնք բոլորը կատարվել են:

 

«Կան երեք հանձնարարականներ 2012 թվականի համար` ՀՀ-ում ձկան արտադրության ծավալների մեծացում, և ձկնամթերքի արտահանում և Ռուսաստանի Դաշնություն արտահանվող կազմակերպությունների ցուցակի ընդլայնում: Երեք հանձնարարականներն էլ հիմնականում կատարված են»,- ասաց Տիգրան Ալեքսանյանը:

 

Ձկնարտադրության ոլորտում առաջընթաց ապահովելու նպատակով գյուղնախարարության կազմում ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որտեղ քննարկվում են հողի կատեգորիայի փոփոխության հարցեր, ձկնամթերքի արտահանմամբ զբաղվող ընկերությունների քանակի ավելացում, ջրի օգտագործման ժամկետի երկարաձգման հարցեր:

 

«2012-ին Հայաստանը քայլեր է կատարել «Եվրոֆիշ» ընկերությանն անդամակցելու հարցում, որը մեծ հնարավորություն կտա ձուկ արտահանել եվրոպական երկրներ, Հայաստանն ընդգրկվել է նաև «Քասֆիշ» կազմակերպության կազմում, որտեղ հանդես է գալիս որպես փոխնախագահող երկիր, որը նույնպես հնարավորություն կտա ձկնաբուծությունն ավելի զարգացնել: Ձկնաբուծությունը համարվում է առաջընթացային ճյուղ»,- ասաց Տիգրան Ալեքսանյանը:

 

Բացի այդ, Գյուղատնտեսության նախարարության և Կրթության գիտության նախարարության հետ միասին մշակվել են մոդուլներ` ձկնաբուծությունը որպես մասնագիտություն միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ներդնելու համար և արդեն Մասիսի գյուղատնտեսական քոլեջում դասավանդվում է այդ առարկան: