Մեծ տոներին գերեզման գնալը սխալ է. հոգևորական
Լուսանկարը՝ PanArmenian Photo–ի
Եկեղեցական տոներին գերեզմաններ այցելելը միանշանակ սխալ է: Պետք է հիշել, որ եկեղեցին հստակ օրը տալիս է ննջեցյալների հիշատակման համար և օրեր այն մարդկանց համար, ովքեր դեռ կենդանի են, այսինքն` այս երկրի վրա են և եկեղեցու մաս են կազմում, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մայր աթոռ սուրբ Էջմիածնի միաբան Հայր Շահե աբեղա Անանյանը:
«Սովորություն կա, այո, որ մեծ տոներին հենց նույն օրերին են մարդիկ գնում գերեզմաններ, բայց Մեծ տոնի օրը վերապահված է հավատացյալների համար, ովքեր ապրում են երկրի վրա, և հաջորդ օրը մեռյալների համար է, այսինքն` մենք կատարում ենք մեռելոց` մեռյալների հիշատակության, հոգեհանգստի օր»,- ասաց Հայր Շահեն:
Նրա կարծիքով այդ խառնումը գալիս է անգիտությունից կամ էլ շատ հաճախ պայմաններն են ստիպում, կիրակին ոչ աշխատանքային է լինում:
«Մարդիկ չգիտեն, մեղավոր չեն: Իսկ հիմա, փառք Աստծո, երկուշաբթի օրերն էլ են ոչ աշխատանքային և արդեն բավական տարածված է, որ մարդիկ երկուշաբթի օրն են գնում գերեզմանոցներ»,- ասաց աբեղան:
Հարցին, թե ինչով կարող է պայմանավորված լինել այն, որ մարզային բնակիչները ավելի հաճախ են եկեղեցական տոներին այցելում գերեզմաններ, աբեղա Հայր Շահեն մեկնաբանեց, որ դա ավելի շատ կախված է նրանից, թե տվյալ վայրում հոգևորականը, քահանան ինչպիսի աշխատանք է անում:
«Այնտեղ որտեղ կա եկեղեցի, հոգևորական, բնականաբար քահանայի մեկ-երկու քարոզից հետո, ժողովուրդը սկսում է լսել քահանային և, ըստ այդմ, շարժվել: Եվ դա դառնում է համատարած ձև մեռելոցի պատարագներին մասնակցելու: Այնտեղ, որտեղ դեռևս հոգևորականների պակասություն կա, բնականաբար, որոշակի դժվարություններ կլինեն ժողովրդին դեպի այն ավանդական, ծիսական ձևին դարձնելու»,- ասաց Հայր Շահեն:
Հոգևորականի կարծիքով՝ Երևանում հասարակությունը ավելի շատ է տեղեկացված, որովհետև ավելի շատ է մասնակցում պատարագներին:
«Եթե մասնակցեն պատարագներին, լսեն քարոզները, որտեղ ամեն անգամ կկարողանան լսել իրենց հարցերի ճիշտ պատասախանները, դա կլինի տեղեկացվածության բարձրացման տարբերակ: Անշուշտ տոնի օրն էլ, պատարագից հետո կարող են գնալ գերեզմաններ, բայց բուն գերեզմանի վրա աղոթք անելու օրը մեռելոցի պատարագից հետո է»,- ասաց հոգևորականը:
Էջմիածնի միաբանի խոսքով, Մեռելոցի վերաբերյալ մոտավորապես հիշատակություններ կան արդեն 4-5-րդ դարերում, երբ Զատիկից հետո կատարվել է նաև գերեզեմանների օրհնություն, գնացել են գերեզմաններ և կատարվել է հոգեհանգիստ:
«Հնագույն ավանդույթ կա, երբ եկեղեցում նախ կատարվում է հոգեհանգիստ, որից հետո ամեն մեկը իր ննջեցյալի գերեզմանն է գնում, խունկ վառելու և անհրաժեշտության դեպքում քահանա են կանչում և քահանան արդեն գերեզմանի վրա կատարում է հոգեհանգիստ: Բայց դա կատարվում է միայն եկեղեցու հոգեհանգստյան պատարագից հետո»,- ասաց Հայր Շահեն:










