Ռուս ոստիկանը գեղեցիկ պատկերներ է ստեղծում՝ օգտագործելով միայն թիթեռների թևեր (լուսանկարներ)
Ռուս ոստիկան Վադիմ Զարիցկին անսպասելի անցում է կատարել իր մասնագիտությունից դեպի արվեստի բնագավառ՝ հմտանալով միջատաբանության մեջ և գեղեցիկ պատկերներ ստեղծելով թիթեռների թևերից, գրում է Oddity Central-ը։
Ստեղծագործելու համար տղամարդն ընտրում է ամենատարբեր թեմաները՝ բնապատկերներից մինչև հայտնի քաղաքական գործիչների և հանրահայտ անձանց դիմանկարներ։ Շատերին Զարիցկու ստեղծագործելու մեթոդը կարող է դաժան թվալ, սակայն նա օգտագործում է միմիայն սատկած թիթեռների թևեր, որոնք գտնում է Լիպեցկի ճանապարհների վրա։ Բացի այդ, նրան հաճախ «հումք են» տրամադրում թիթեռների հավաքորդները, ովքեր միջատների վնասված թևերը դեն նետելու փոխարեն տալիս են Զարիցկուն։
Անցած 5 տարիների ընթացքում տղամարդը ստեղծել է 100-ից ավելի աշխատանք՝ տարբեր թեմաներով ու չափերով։ Յուրաքանչյուր կտավ ավարտին հասցնելու համար պահանջվում է 1 շաբաթից մինչև մի քանի ամիս։
«Կենդանի թիթեռներն ապրում են մի քանի շաբաթ, իսկ իմ կտավները հնարավորություն են ընձեռում հիանալ նրանց գեղեցկությամբ շատ երկար տարիներ»,-նշել է Զարիցկին։










