«Գոհար» նվագախումբը 150 հազ. դոլար նվիրել է Հարավային Ամերիկայի հայությանը և 50 հազ. դոլար՝ սիրիահայությանը
«Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հարավամերիկյան համերգներից գոյացած հասույթից մոտավորապես 150, 000 ԱՄՆ դոլար հատկացվել է տեղի գործող հայկական զանազան վարժարաններին, մշակութային և հասարակական ծրագրերին, ուսուցիչներին և անհատներին, որոնք «Այբ Բեն Գիմ», մշակույթ և երգ-երաժշտություն են ճամփել տարիներ շարունակ: Այս մասին տեղեկանում ենք նվագախմբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։
«Գոհարն», անսալով իր տարիների սկզբունքին և հավատալով, որ հայությունը պիտի շարունակի գոյատևել իր մշակույթով, մեկ անգամ ևս իր համերգներից գոյացած ընդհանուր գումարը նվիրեց հայ ինքնության պահպանման և գոյատևման ճիգերին:
«Գոհարն», անդրադառնալով նաև Սիրիայում տիրող ճգնաժամին, այս տոնական օրերին հարավամերիկյան համերգային շրջագայությունից զգալի գումար` 50, 000 ԱՄՆ դոլար, նվիրում է սիրիահայ կարիքավոր ընտանիքներին, որպեսզի շարունակեն իրենց տարիների հայապահպանման երթը այս տագնապալի օրերին:
«Գոհար» կշարունակի իր նվիրաբերումը հայ ազգային արժեքների պահպանմանը»,- մասնավորապես նշված է հաղորդագրությունում:










