Հայաստանում առաջին անգամ կհնչի Մարտին Պալմերիի «Տարվա եղանակները»

14:38 • 10.01.13

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը 2013 թվականի առաջին իր համերգը սկսում է համաշխարհային պրեմիերայով` հունվարի 14-ին կայանալիք համերգով, որին կմասնակցի իտալացի աշխարհահռչակ ակորդեոնահար, բանդոեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, ովքեր համատեղ կներկայացնեն Մարտին Պալմերիի «Տարվա եղանակները» ստեղծագործությունը:

 

Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը:

 

Ասուլիսին ներկա Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին հայտնեց, որ համերգի ծրագիրը, որում ներառված են Նինո Ռոտայի, Ռոբերտ Մոլինելիի, Էնրիկո Բլատինիի և աշխարհահռչակ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ, մշակվել է նվագախմբի հետ համատեղ:

 

«Շատ էմոցիաոնալ և բարդ ծրագիր է, ստեղծագործությունների մեծ մասը առաջին անգամ է Հայաստանում կատարվելու: Միասին վերլուծելով այս ծրագիրը մտածել ենք ինչ անել, որ ավելի հետաքրքիր լինի»,- ասաց Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին:

 

Հայտնի ակորդեոնահար նաև տեղեկացրեց, որ որոշել է Հայաստանում տարեկան մեկ համերգ ունենալ, անկախ իր խիստ զբաղվածությունից:

 

«Առաջին անգամ Հայաստանում եղել եմ «Ոսկե Ծիրանի» շրջանակներում:


Կարևորում եմ շփումը երիտասարդական նվագախմբի հետ, ունեմ շատ խիտ համերգային ծրագիր. Երևանից մեկնելու եմ Համբուրգ, ապա Իտալիա»,- ասաց Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին՝ ավելացնելով հայ հանդիսատեսը շատ լի է խանդավառությամբ։