Եգիպտոսի նոր իշխանությունների գիտակցական թողտվությամբ թալանվում են փարավոնների դամբարանները
Պատմության բացառիկ հուշարձանները, որոնցով հարուստ է Եգիպտոսը, մնացել են առանց երկրի ՆԳՆ-ի պաշտպանության և իշխանության դիտավորյալ թողտվության պայմաններում զանգվածային թալանի են ենթարկվում: Նման նախազգուշացումներով է հանդես եկել եգիպտական մայրաքաղաքի արվարձան Դաշխուրի բուրգերի համալիրի տնօրեն Մուհամմեդ Յուսեֆը, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:
Նրա խոսքով, Դաշխուր շրջանին, որը ողջ աշխարհով հայտնի է դարձել այնտեղ գտնվող Ք.ա. 26-րդ դարի Վարդագույն և այլ բուրգերով, սպառնում է «մշակութային և պատմական աղետը»: «Հսկայական թագավորական դամբարանը, հարուստ, այդ թվում և դեռ չբացված և թաքնված դամբարաններով, գտնվում է ընդամենը 15 անզեն պահապանների հսկողության տակ», - հայտարարել է նա «Ալ Վաթան» գործակալությանը տված հարցազրույցում:
Ըստ տնօրենի՝ առանց ՆԳՆ-ի կողմից համապատասխան վերահսկողության այն վերածվել է մեծաթիվ «սև գերեզմանափորների» և մաքսանենգների համար հարստացման աղբյուրի, որոնք արդեն օրը ցերեկով են գործունեություն ծավալում:
Ըստ Յուսեֆի, «Անտիկ իրերի որսորդները» նախկինում ևս քիչ չէին, սակայն նախորդ ռեժիմի ժամանակ հուշարձանները բանակի և ուժային կառույցների աչալուրջ հսկողության տակ էին, որոնք հաջողությամբ պայքարում էին անօրինական ստորգետնյա գանձագողերի դեմ:
«Ներկայում այդ գանձագողերի թիվը ահռելի քանակի է հասել: Նրանք ամենաժամանակակից սարքավորումներն ունեն, այդ թվում և գեոռադարներ և լավ զինված են. համալիրի սովորական աշխատակիցները նրանց դեմ անզոր են», - նշել է նա:
Յուսեֆի խոսքով, իշխանության եկած «Մուսուլման եղբայրները» իրենց գիտակցված անգործությամբ աջակցում են հնագույն համաշխարհային ժառագության հուշարձանների ոչնչացմանը:
«Իսլամիստների գիտակցված թողտվությամբ Եգիպտոսը կորցնում է իր մշակութային ավանդը, և այդ ամենը իրականացվում է, ամենևին ոչ առանց Կատարի շահագրգռվածության, որն արդեն եգիպտական շուկա է ներխուժել և այժմ մշակույթի ոլորտում առաջատար դիրք գրավելու հավակնություններ ունի, այդ թվում և իր մոտ աշխարհում գրեթե խոշորագույն թանգարանի կառուցման և ստեղծման հաշվին», - ասել է բուրգերի համալիրի տնօրենը:










