Գրիգորի Լեպսը 1 մլն ռուբլու դատական հայց է ներկայացրել թերթերից մեկի դեմ

12:27 • 14.01.13

ՌԴ էստրադայի աստղ Գրիգորի Լեպսը 1 մլն ռուբլի է պահանջում «Ժոլտայա Գազետա» (Желтая газета) թերթից՝ իր լուսանկարի հրապարակման և ընթերցողներից մեկի ՝ իր ստեղծագործական գործունեության վերաբերյալ կարծիքը տպագրելու համար, հայտնում է Life News-ը։

 

Երգիչը գտնում է, որ թերթը հրապարակել է ընթերցողներից մեկի կողմնակալ կարծիքն իր գործունեության վերաբերյալ՝ այդ հոդվածին կցելով մի լուսանկար, որի հրապարակման համար ինքը համաձայնություն չի տվել։ Լեպսն իր հայցը ներկայացրել է Իզմայլովի շրջանային դատարան, որի մամուլի քարտուղար Անաստասիա Սեմյոնովան նշել է, որ առաջին դատական լսման օրը դեռևս հայտնի չէ։

 

Ինչպես նշում է Life News-ը, կոնֆլիկտի պատճառ է հանդիսացել «Ժոլտայա Գազետա»-ի համար արդեն ավանդական դարձած «Աստղին դիր իր տեղը» ժամանցային բաժինը։ Պարգևավճարի դիմաց թերթն առաջարկել է ընթերցողներին անողոք քննադատության ենթարկել հայրենական շոու-բիզնեսի աստղերին։

 

Այսպիսով, համարներից մեկի «հերոսը» եղել է Գրիգորի Լեպսը, որին իր քննադատություններն ու նույնիսկ խորհուրդն է հղել Կրասնոյարսկի մարզի մի բնակիչ։


Այժմ ժամանցային բաժնի հեղինակները պետք է հանդիպեն Լեպսի պաշտոնական ներկայացուցիչների հետ դատարանում։

Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ ֆինանսական պահանջները երգիչը ներկայացրել է միայն նկարն առանց իր համաձայնության տպելու համար։