«Տոնացույց» թատրոնը Չեխիայում մասնակցել է սուրբծննդյան ծեսերի փառատոնին և վերադարձել պատվով (տեսանյութ)

14:19 • 15.01.13

«Տոնացույց» ժողովրդական թատրոնը, որը գործում է 2005թ-ից և բացառապես կազմված է Աշտարակի մարզի գյուղերի երեխաներից, դեկտեմբերի կեսերին մասնակցել է Չեխիայում անցկացված «Սուզնեմի» միջազգային փառատոնին, որը թարգմանաբար նշանակում է ներդաշնակություն, և վերադարձել է մեծ հաջողություններով: 


Թատրոնի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Բաղրամյանը տեղեկացրեց, որ իրենք հրավիրվել էին ներկայացնելու հայկական սուրբծննդյան երգերը, որոնք, ըստ նրա, բացահայտում էին փառատոնի կազմակերպիչների համար:


«Փառատոնին ներկայացնում են տարբեր ազգերի պահպանված սուրբ ծննդի ավանդույթները: Մենք մեր գյուղում հանգիստ աշխատում էինք, բաց մեզ զանգեցին, ասացին, որ պետք է մասնակցենք: Ես օտարամոլ չեմ, բայց դրսում շատ-շատ բարձր են գնահատում ազգային այն ծեսերն ու ավանդույթները, հատկապես ինչքան ձեռք տված չէ, այդքան ավելի մեծ արժեք ունեն»,-ասաց Հասմիկ Բաղրամյանը և հավելեց, որ այսօր հայկական ժողովրդական խմբերը սխալ ճանապարհի վրա են, քանի որ փոփոխության են ենթարկում մեր ծեսերը:


Գյուղական թատրոնի գեղարվեստական ղեկավարը նշեց, որ իրենց խմբի մասին փառատոնի կազմակերպիչները իմացել են պատահաբար, ծանոթանալով իրենց կատարմամբ նկարահանված Ավետիս ֆիլմին:


«Փոքր կազմով էինք՝ 11 հոգի: Ընդամենը մի երգով ներկայացրեցինք, 6 մեծ համերգներ ունեցանք, լեփ-լեցուն դահլիճներով: Ինքը մրցույթ չի, որ առաջին տեղը բռնենք, բայց մեծ հաջողություն ունեցանք, բոլորն ասում էին, որ ոչինչ իրենց հայտնի չէ, բայց անմիջապես հասկանում էին, որ սրանք առաջին քրիստոնեական ծեսերն են»,-ասաց նա:


Հասմիկ Բաղրամյանը նաև նշեց, որ մինչ այս գործել են սուսուփուս, որովհետև մտածել են, որ անելիս չեն խոսում, բայց քանի որ ըստ նրա, օրհասական է պահը, հասկացել են, որ պետք է նաև բարձրաձայնեն այդ մասին:


«Միջազգային փառատոններին, երբ մասնակցում ենք, առնվազն 6-7 թուրքական խմբեր են մասնակցում և ներկայացնում մեր մշակույթը: Մենք վասպուրականի շորերով դուրս եկանք, հարցնում էին՝ թուրքակա՞ն խումբ եք: Ուրիշ տեսակի պատերազմի դար է, բայց ինձ պետք է բանակ»,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:


«Երեխաներս գյուղերից են: Կրողներից է մեր խումբը բաղկացած, այսինքն՝ նրանք ոչ թե սովորել են, այլ իրենց պապերից ու տատերից է այն փոխանցվել: Կառավարությունից մենք ակնկալում ենք ամբողջ մեր ազգային մշակույթը չդնել ինչ-որ ստորին հատվածում, այլ ամբողջովին այն հիմնել ազգային արժեքների վրա»,- եզրափակեց նա: