«Ռեինկարնացիայի» նոր ձայնասկավառակը խանութներում է, բայց չի վաճառվում. այն անվճար է (լուսանկարներ)
«Աղ ու հաց». այսպես է կոչվում «Ռեինկարնացիա» խմբի հերթական երգերի ձայնասկավառակը, որը, թեև արդեն խանութներում է, սակայն չի վաճառվում:
Խմբի նախաձեռնող, մեներգիչ Ռոլանդ Գասպարյանը այսօր ալբոմի շնորհանդեսին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ ինչպես աղ ու հացը չի վաճառվում, այնպես էլ իրենց նոր համանուն սկավառակը:
«Այստեղ տեղ է գտել «Աղ ու հաց» երգը: Այդ երգը շատ կարևոր է ինձ համար: Այն լսելուց հետո, գուցե, դուք ստանաք շատ հարցերի պատասխաններ: Բայց խնդրում եմ, այսօր աշխատանքից հետո բոլորդ լսեք: Դրանից հետո կամ կհայհոյեք մեզ, կամ՝ հակառակը»,- ասաց նա:
Ռոլանդ Գասպարյանը նշեց, որ սկավառակը յուրաքանչյուր մարդ կարող է ստանալ խանութներից կամ բեռնել խմբի պաշտոնական կայքից՝ անվճար:
«Դիսկը ոչ մեկ իրավունք չունի իր խանութում վաճառել, քանի որ այն անվճար է: Բայց միաժամանակ դժվար է ասել, որ կոմերցիոն նպատակներ չունի, բայց մեր թիմը իր սկզբունքները ունի: Մեզ համար շատ լավ միջոց է հիշեցնելու՝ աղ ու հացը չի վաճառվում այնպես, ինչպես մեր Տերը: Կարելի է, բացի փողերից, շահերից ու ընտրություններից, մի քիչ էլ մտածել սրտի մասին»,-ասաց նա:
Երգիչն ընդգծեց, որ ինքը սկավառակում տեղ գտած բոլոր յոթ երգերում շոշափում է իրեն հուզող տարբեր թեմաներ և փորձում պարզել, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում:
«Այսօր փորձում են մեզ եվրոպականացնել, բայց Եվրոպայից չենք սովորում այն, որ կարելի թեթև ապրել, առանց շահի իրար հարգել: Մարդիկ տխուր են այսօր, նույնիսկ առանց պատճառի, ամեն փոքր բանը դարձնում ենք խնդիր, շատ ենք խոսում, բամբասում»,- ասաց նա:
Նա նաև տեղեկացրեց, որ ձայնասկավառակը թողարկվել է 3000 օրինակով:










