100 տարի անց պատմությունը կրկնվում է. ամերիկահայ ռեժիսորը հալեպահայ տատիկի՝ Անատոլիայից մինչև Հալեպ ձգված ճակատագրի մասին
Ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու ցանկություն հայտնած ամերիկահայ ռեժիսոր Սոնա Թաթոյանի պատմությունը՝ թուրքական «Ռադիկալ»-ի մեկնաբանությամբ, ներկայացրել էինք երեկ։
Նա պատմել էր, որ նախնիներն Անատոլիայից տեղափոխվել են Հալեպ, որտեղ էլ անցել է մանկությունը։ «Դժվար ֆիլմ է լինելու, քանի որ Սփյուռքն ինձ դատապարտում է՝ թուրքերի հետ բարեկամանալու մեջ մեղադրելով, իսկ թուրքերը կմեղադրեն՝ Ցեղասպանության մասին խոսելու համար»,-ասել էր նա։
Այսօր «Ռադիկալը» հրապարակել է Սոնա Թաթոյանի նամակը՝ ուղղված վերջերս Հալեպում մահացած տատիկին։
Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«2012թ.-ի վերջին օրը Ստամբուլի ծովեզերքում եմ։ Նայում եմ ծովին ու մտածում մի քանի օր առաջ Հալեպում մահացած տատիկիս մասին։ 11 օր է Ստամբուլում եմ։ 100 տարի առաջ Անատոլիայում հայերի հանդեպ տեղի ունեցածի մասին ֆիլմ եմ նկարելու։ Այտեղ եմ պատմաբանների, դերասանների, միասին աշխատելիք մարդկանց հետ հանդիպելու համար։
Խոսակցությունների մեծ մասը չեմ հասկանում, սակայն այստեղի մշակույթը ԴՆԹ-իս մեջ է կարծես։ Այստեղի կերակուրներն ուտելով եմ մեծացել, Մարի տատիկիս Հալեպի պատշգամբում՝ Մերձավոր Արևելքի արևի տակ պատրաստված վարդի մուրաբան համտեսելով։
Մարի տատիկս հայերենից լավ թուրքերեն գիտեր։ Ընտանիքն Այնթապից էր, և այնտեղի համեղ կերակուրներ պատրաստելը Մարի տատիկիս ստեղծագործ ձեռքերի մեջ էր ներծծվել։
Մարի տատիկս հայ էր, բայց շատ էր սիրել Սիրիայի քաղաքացիությունը։ Ամերիկայի քաղաքացի էլ դարձավ, սակայն ոչ սիրեց, ոչ էլ վստահեց նրան։
Տատիկս հավատում էր Քրիստոսին, բայց հավատում էր նաև գերբնական ուժերին։ Հագուստի տակից աչքի ուլունք էր ամրացնում։ Երբեմն էլ 20 տարի առաջ մահացած ամուսնու, կամ 4 տարի առաջ գլխուղեղի քաղցկեղից մահացած դստեր հետ էր խոսում։ Նա ապրում էր շրջապատի մահացած հոգիների հետ։ Տատիկս իրական անատոլիացի էր։
Տատիկիս մեկ շաբաթ առաջ կորցրի։ Մեծ սիրով սիրած Հալեպում, որը երբեք չցանկացավ լքել։
Երբ նա մահացավ, Ստամբուլում էի։ Այդքան մոտ էի, բայց չկարողացա գնալ թաղմանը։ Պատերազմի պատճառով Հայաստան գաղթած զավակներն էլ չգնացին։ Հալեպի ճանապարհն անվտանգ չէ։
Այժմ, սակայն, շատ տարօրինակ պատմություն եմ ապրում։ Նախնիներիս հայրենիքից՝ Ուրֆայից, Այնթապից, Խարբերդից արմատախիլ եղած և վերացած նախնիներիս մասին ֆիլմ եմ նկարում, և միևնույն ժամանակ ընտանիքս արմատախիլ է լինում պապերիս՝ 100 տարի առաջ հաստատված վայրերից։
Սակայն Մարի տատիկս չէր կարող գնալ։ Այլևս փրկվել չէր ուզում։ Ժամանակակից Հայաստանը նրա համար ոչինչ չէր նշանակում։
Այժմ մեկ դար անց սկսված նոր պատերազմը տատիկիս մահվան հասցրեց։ Նիհար, շաքարախտով հիվանդ տատիկս չդիմացավ էլեկտրականության և գազի բացակայությանը, երեխաներից և թոռներից հեռու լինելուն։
Այժմ Սուլեյմանիե թաղամասում գտնվող նրա տունն ավերվել է։ Այն տունը, ուր հարս էր եկել, ուր 7 երեխա և բազմաթիվ թոռներ ունենալու ուրախությունն էր ունեցել, կյանքի մեծ մասն այնտեղ անցկացրած տունը, որի պատշգամբում վարդի մուրաբա էր պատրաստում։
Այժմ հետաքրքիր է, այն Հալեպում, որտեղ մկրտվել եմ՝ 500-ամյա Քառասուն Մանկաց եկեղեցում, Ժդեիդեյի քարե փողոցներով այժմ ո՞վ է զբաղվելու։ Սուլեյմանիեյի հին տան հյուրասենյակում այսքան տարի միմյանց խառնված արաբերեն, թուրքերեն ու հայերեն հիշողություններն ո՞վ է պահպանելու։
Այժ ես ճանապարհորդում եմ։ Մեր համատեղ պատմությունը պատմելու, կոտրված կտորները դարձյալ միմյանց միացնելու համար։
Մարի տատիկս կրոնապաշտ էր և թաղվեց իր գեղեցիկ Հալեպում՝ Սուրբ Ծննդյան օրը՝ պապիկիս կողքին։
Թուրք ընկերներիցս մեկն ինձ Բեյօղլուի հայկական եկեղեցու տեղը բացատրեց, և ես Սուրբ Ծննդյան օրը Ստամբուլում տատիկիս համար մոմ վառեցի։ Ապա գտա մի տեղ, որտեղ մանկությունիցս համը դեռ բերանումս մնացած սահլիպ (կաթով խմիչք) էին մատուցում։ Դրա տերը շնորհավորեց Սուրբ Ծննդյան առթիվ և մի փոքրիկ քսակ նվիրեց։ Դրա միջից աչքի ուլունք դուրս եկավ։ Թվաց՝ անատոլիացի տատիկս ինձ պաշտպանել է փորձում...»։










