Վախճանվել է ասմունքի վարպետ Վլադիմիր Աբաջյանը (տեսանյութ)
Երկարատև հիվանդությունից հետո կյանքի 86-րդ տարում վախճանվել է ՀՀ ժողովրդական արտիստ, ասմունքի վարպետ Վլադիմիր Աբաջյանը, Tert.am—ի հետ զրույցում լուրը հաստատեցին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից։
Վլադիմիր Աբաջյանը վերջին տարիներին Սունդուկյանի թատրոնի կողմից բեմադրված ներկայացումներում թատերական դերեր չուներ, սակայն ավելի վաղ թատերասեր հասարակայնությանը հայտնի էր սունդուկյանական «Արշակ երկրորդ» ներկայացման մեջ Գնելի և «Խաչմերուկ»-ում Միքայելի դերակատարումներով:
«Վլադիմիր Աբաջյանը ասմունքի այնպիսի վարպետներից էր ինչպիսիք էին Հրաչուհի Ջինանյանը, Սուրեն Քոչարյանը: Նա ասմունքի բացառիկ վարպետ էր»,- Tert.am -ի հետ զրույցում ասաց Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Մարությանը:
Վլադիմիր Աբաջյանը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 27-ին, Շիրակի մարզի Շիրակ գյուղում: 1951 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը:
Այնուհետև նա աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ խաղալով մի շարք դերերում` Օսեփ` Սունդուկյանի «Քանդած օջախ», Սագադաև` Աբդուլինի «13-րդ նախագահը», Սեյրան` Շիրվանզադեի «Նամուս» և այլն:
Աբաջյանը հանդես է եկել նաև կինոյում: Նա մեծ ճանաչում ունի ասմունքի բնագավառում: Երկացանկում հայ միջնադարյան, դասական և ժամանակակից բանաստեղծների գործեր են:
1984 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: 1998թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով:










