ԵՀՄՖ–ն British Museum–ին բողոքել է հայկական արժեքները թուրքական սրահում ցուցադրելու համար
Եվրոպայի հայկական միությունների ֆորումը (ԵՀՄՖ) մշակութային ցեղասպանության դեմ պայքարի շրջանակներում իր բողոք–դիմումն է ուղղել British Museum թանգարանի (Բրիտիշ Մյուզեում) գլխավոր տնօրենին` կապված հայկական մշակութային արժեքները «Հնագույն Թուրքիա» վերնագրված սրահում ցուցադրվելու շուրջ, տեղեկանում ենք ԵՀՄՖ տարածած մամուլի հաղորդագրությունից:
ԵՀՄՖ-ն այս նամակը տեղադրել էր ֆեյսբուքյան իր էջին և ստացել մի քանի տասնյակ հազար հավանություն: Այնուհետև նամակը հանձնվել է Մեծ Բրիտանիայի դեսպանություններին Բրատիսլավայում և Երևանում, ինչպես նաև Լոնդոնում Հայաստանի դեսպանությանն ու ուղիղ հասցեով թանգարանի գլխավոր տնօրինությանը:
«ԵՀՄՖ-ը հույս ունի, որ բացի ֆեյսբուքյան խմբերից և հազարավոր հայրենասերներից, իր այս գործընթացը կսատարվի նաև ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Ողջ գործընթացի շուրջ պարբերաբար տեղեկույթ կներկայացվի ԶԼՄ-ներին: Առաջին պատասխանը Բրիտիշ Մյուզեում-ի համակարգչից արդեն ստացվել է առ այն, որ 20 օրվա ընթացքում հարցն ամփոփ ուսումնասիրվելու է և տրվելու է լուծում»,– ասվում է հաղորդագրությունում։










