«Լևոն Շանթ» թատերգության մրցանակաբաշխություն. հայտարարություն

17:49 • 17.01.13

Համազգային հայ կրթական և մշակութային միությունը հայտարարում է «Լևոն Շանթ» թատերգության մրցույթ։ 


Ըստ հիմնադրամի տարածած հաղորդագրության՝ մրցույթի նպատակն է զարգացնել ժամանակակից հայ թատերգությունը, բացահայտել այս ժանրում ստեղծագործող նոր անուններ, թատերգության ժամանակակից ուղղություններ և աջակցել հայ թատերարվեստի լավագույն ավանդույթների շարունակականությանը, նոր պիեսների բեմադրությանը։


Մրցանակաբաշխության թեման է ազգային և համամարդկային արժեքներ, անհատի և ինքնության փնտրտուք, մեր ժամանակի հերոսը:


Մրցանակային առաջին տեղի համար նախատեսված է 1.000.000 դրամ, 2-րդի համար՝ 800.000 դրամ և 600.000 դրամ 3-րդի համար։ Սահմանված են նաև երկու խրախուսական պարգևներ` 200.000-ական դրամ:


Մրցույթին կարող են մասնակցել հեղինակներ Հայաստանից և Սփյուռքից։ Ընդունվում են միայն չտպագրված, չբեմադրված կամ չհրապարակված աշխատանքներ՝ առանց ժանրային սահմանափակման, արևելահայերեն և արևմտահայերեն։


Աշխատանքները ներկայացվում են միաժամանակ էլեկտրոնային և առձեռն (կամ փոստային) տարբերակներով: Նվազագույն ծավալը՝ 25 էջ, առավելագույնը՝ 50 էջ, (տառատեսակը` Յունիկոդ, MS Word, RAR, PDF կամ ZIP ծրագրերով, էջը` 1800 նիշ)։


Աշխատանքները կարելի է ներկայացնել Համազգային հայ կրթական և մշակութային միության Հայաստանի գրասենյակ` 0002, ք. Երևան, Մաշտոց 37, բնկ. 14, և ուղարկել հետևյալ է- հասցեին` hamazg@netsys.am:


Սփյուռքահայ մասնակիցներն իրենց աշխատանքները կարող են ներկայացնել նաև Համազգայինի Կենտրոնական վարչության գրասենյակ` P.O.Box: 70-1028, M.&H. Arslanian college, Antelias, Lebanon, և ուղարկել հետևյալ էլ-հասցեին` central@hamazkayin.com:


Աշխատանքին կցվում է նամակ, որտեղ անհրաժեշտ է նշել հեղինակի անունը, ազգանունը և հայրանունը, պիեսի անվանումը, հեղինակի բնակության վայրը, փոստային հասցեն, էլ-հասցեն, հեռախոսահամարը, կենսագրական տվյալներ և 1 լուսանկար:


Լավագույն աշխատանքները կընտրվեն 7 հոգուց բաղկացած ժյուրիի կողմից, որի անդամները մրցույթին մասնակցելու իրավունք չունեն: Աշխատանքները ժյուրիին ներկայացվում են ծածկագրով, փակ ծրարների մեջ։


Մրցանակային տեղերի արժանացած պիեսների հետագա օգտագործման` հրատարակում, բեմադրում և այլն, բոլոր իրավունքները պատկանում են Համազգային հայ կրթական և մշակութային միությանը:


Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետն է` 2013 թ. ապրիլի 15-ը: Արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն 2012թ. հունիսի 15-ին։


Մրցանակաբաշխությանը ներկայացված պիեսները կհրատարակվեն առանձին ժողովածուով, իսկ առաջին տեղի արժանացած պիեսը Համազգային հայ կրթական և մշակութային միության աջակցությամբ կբեմադրվի:


Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` (+374 10) 53-39-49: