Դատապարտյալը ՄԻ պաշտպանին խնդրել է օգնել իրեն այլ ՔԿՀ տեղափոխվել, քանի որ «Հրազդան» ՔԿՀ-ում վախենում է իր կյանքի համար

17:00 • 18.01.13

Tert.am-ի հրապարակած դատապարտյալի նամակի հետքերով երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցներ Հաբեթ Մարտիրոսյանն ու Ազատ Գալստյանը հանդիպել են «Հրազդան» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Արտակ Հակոբյանին, ով հաստատել է նամակում եղած իր բողոքը, և խնդրել ՄԻ պաշտպանի աջակցությունն իրեն այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հարցում, քանի որ, ըստ դատապարտյալի՝ «Հրազդան» ՔԿՀ-ում վախենում է իր կյանքի համար:
 

Ինչպես տեղեկանում ենք ՄԻ պաշտպանի արագ արձագանքման բաժնի ֆեյսբուքյան էջից, դատապարտյալը ՄԻ պաշտպանին դիմում է ներկայացրել, որով հայտնել է, որ 2012-ի դեկտեմբերի 28-ին առողջական խնդիրներից ելնելով «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմից պահանջել է «յամեր» հետազոտություն, ինչի համար նրան ծեծել են և մեկ օր պահել պատժախցում, նա հայտնել է նաև, որ ծեծի ենթարկվելու ընթացքում գլխով հարվածել է խցի պատուհանի ապակուն:


Հաջորդ օրն Արտակ Հակոբյանին տեղափոխել են «Հրազդան» ՔԿՀ, որտեղ ևս 15 օր պահել են պատժախցում՝ ոսկյա իրեր կրելու համար:


Արտակ Հակոբյանն արագ արձագանքման բաժնի աշխատակիցների հետ զրույցի ընթացքում հայտնել է, որ թեև պատժի 15-օրյա ժամկետը լրացել է, սակայն ինքն իր կամքով մինչ օրս գտնվում է պատժախցում:

 

Դատապարտյալը դիմումով հայտնել է նաև, որ «Հրազդան» ՔԿՀ-ում անձնական թշնամություն ունի օպեր գծով պետ Վ. Մաթևոսյանի հետ, ով «Գորիս» ՔԿՀ-ի պետի տեղակալի բարեկամն է, ում հետ Արտակ Հակոբյանն ունեցել է կաշառքի հետ կապված խնդիրներ և այսօր վախենում է իր կյանքի համար։

 

Նշենք, որ երեկ նամակի հետքերով զանգահարել էինք ՔԿՀ վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանին, ով նյութին ծանոթանալուց հետո, պատասխանել էր, որ այն առհասարակ չի համապատասխանում իրականությանը։