Հրանուշ Հակոբյանը պարգևատրել է սփյուռքահայ մանկավարժների
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է Մոսկվայի N1650 բազմամշակութային դպրոցի հիմնադիր և տնօրեն Օֆելյա Առաքելյանին և Կիևի հայկական համայնքին կից հայկական դպրոցի վաստակաշատ ուսուցիչ Կարինե Թումաղայանին, ովքեր պարգևատրվեցին ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով, որը նրանց հանձնեց գերատեսչության ղեկավար տիկին Հակոբյանը հանդիպման ժամանակ:
Ինչպես տեղեկացնում են Սփյուռքի նախարարությունից, մեդալը նրանց տրվել է սփյուռքում հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության, այդ բնագավառում ակնառու նվաճումների ու ձեռքբերումների, ստեղծագործական գործունեությամբ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, Սփյուռքի միջհամայնքային կապերի ամրապնդման գործում մեծ ներդրում ունենալու համար։
Սփյուռքում հայ համայնքի գոյատևման գործում կարևորելով հայ մանուկներին մայրենի դասավանդող ուսուցչի դերը` ՀՀ սփյուռքի նախարարը նշել է, որ գերատեսչությունում հիմնվել են մեդալներ, որոնց արժանանում են Սփյուռքում ապրող և համայնքի կյանքում ավանդ ներդրած լավագույն անհատները: Իսկ հայկական դպրոցներում դասավանդող մանկավարժների դերն անգնահատելի է:
Նախարարը նշել է, որ այսօրվա դժվարին պայմաններում, երբ Սփյուռքի հայ մանկավարժը կարող է զբաղվել առավել շահավետ աշխատանքով և հոգալ ընտանիքի հոգսերը, նախընտրում է ուսուցչի անձնվեր և դժվարին ուղին` գիտակցելով ազգանվեր գործունեության հրատապությունն ու անհրաժեշտությունը:
«Մենք անսահման շնորհակալ ենք ձեզ և օգտագործում ենք բոլոր հնարավոր առիթները` խրախուսելու և ոգևորելու ձեր գործունեությունը, գնահատելու հայ մանկավարժի վաստակը», - ասել է նա։
Շնորհակալություն հայտնելով նախարարին իրենց համայնքների, մասնավորապես` համայնքներում գործող հայկական դպրոցների նկատմամբ մշտական ուշադրության և հոգածության համար` տիկին Թումաղայանը և տիկին Առաքելյանը նշել են, որ «Վիլյամ Սարոյան» մեդալով պարգևատրումն առաջին հերթին մեծ պատասխանատվություն է այն վստահության հանդեպ, որ ցուցաբերվել է իրենց հանդեպ, և պարտավորություն` ավելի լավ աշխատելու:
«Իրականում Դուք օրինակ եք դարձել մեր երիտասարդության համար Սփյուռքում, տիկին Հակոբյան, մենք դիտում ենք Ձեր բոլոր ելույթները և ընթերցում հարցազրույցները: Դրանք համախմբում են մեզ և ոգևորում` ավելի լավ գործելու»,- նշել է Մոսկվայի N 1650 բազմամշակութային դպրոցի հիմնադիր և տնօրեն Օֆելյա Առաքելյանը:
Դրան ի պատասխան Հրանուշ Հակոբյանն ասել է, որ «հայ ուսուցիչը հայ մտավորականության զարդն է և դուք եք այդ փայլը հաղորդում մեր երեխաներին»։
Խոսելով 2012թ. «Ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում իր արդյունավետ վերապատրաստման մասին` տիկին Թումաղայանը տեղեկացրել է, որ 2013թ. նույն ծրագրի շրջանակներում հայերեն սովորելու կամ իրենց իմացությունը կատարելագործելու նպատակով մեծ թվով երեխաներ ու պատանիներ են ցանկություն հայտնել մասնակցելու «Սփյուռք» ամառային դպրոցի հայոց լեզվի դասընթացին:
Քննարկվել են Հայրենիք-Սփյուռք մերձեցման, ՀՀ սփյուռքի նախարարության մյուս ծրագրերին ավելի մեծ թվով ուսուցիչներ և աշակերտներ ներգրավելու հարցեր:










