Մեծ թատրոնի բալետի գեղարվեստական ղեկավարի դեմքին ծծմբաթթու են լցրել

14:31 • 18.01.13

ՌԴ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Մեծ թատրոնի բալետի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի դեմ իրականացված հարձակման փաստով, տեղեկացնում է Взгляд-ը։

 

Ոստիկանության մամուլի ծառայությունը հաստատել է, որ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 111 հոդվածի առաջին կետի հատկանիշերով՝ «Առողջությանը միտումնավոր ծանր վնաս հասցնելը»։

 

Երեկ անհայտ անձը Սերգեյ Ֆիլինի վրա ծծմբաթթու է լցրել, ինչի հետևանքով վերջինս աչքերի և դեմքի շրջանում այրվածքներ է ստացել։


«Միջադեպից երկու ժամ առաջ հանդիպել եմ Սերգեյին՝ Ստանիսլավսկու հոբելյանին նվիրված միջոցառման ընթացքում։Մենք ողջունել ենք միմյանց, իսկ այժմ ես այցելում եմ հիվանդանոց։ Նրա կողքին են մայրը, կինը, հիվանդանոցում արդեն բալետի բազմաթիվ արտիստներ են եղել, ինչպես նաև Մեծ թատրոնի ղեկավարությունը»,-ասել է թատրոնի մամուլի քարտուղար Կատերինա Նովիկովան։

 

Նա կարծում է, որ հարձակումը կապված է Ֆիլինի մասնագիտական գործունեության հետ։ «Սերգեյի դեմ միշտ սպառնալիքներ են հնչել»,-ասել է նա։