«Գարեգին Նժդեհ»-ը պետբյուջեից չի ֆինանսավորվել. Ռուզան Բագրատունի

10:12 • 18.01.13

Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի «Գարեգին Նժդեհ» ֆիլմը պետական բյուջեի միջոցներով չի ֆինանսավորվել, Tert.am –ի հետ զրույցում հայտնեց Ազգային կինոկենտրոնի մամուլի քարտուղար Ռուզան Բագրատունին: 


«Բացարձակ կապ չունենք»,- ասաց Ազգային կինոկենտրոնի մամուլի քարտուղարը՝ հիշեցնելով, որ միայն իրենց կառույցի միջոցով են պետական բյուջեից ֆինանսավորվում Հայաստանում նկարահանվող ֆիլմերը՝ կինոկենտրոնի գեղարվեստական խորհրդի կողմից հաստատվելուց հետո:


Նշենք, որ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթն այսօրվա համարում տեղեկացնում է, որ ֆիլմի բյուջեն արժեցել է մոտ 7 միլիոն ԱՄՆ դոլար և թերթի տեղեկություններով` ֆիլմի համար գումար տրամադրողների ցանկում է Սյունիքի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերերից Մաքսիմ Հակոբյանը, որը մի քանի միլիոն ԱՄՆ դոլար է տրամադրել Հրաչ Քեշիշյանին՝ Նժդեհի մասին ֆիլմ նկարահանելու համար:


Մաքսիմ Հակոբյանի օգնական Արթուր Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում այս տեղեկատվությունը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց՝ ասելով, թե ինքը տեղյակ չէ: