Ներիր մեզ Գարեգին Նժդեհ, որ քեզ ծաղրում է հայը. հայտարարություն

09:14 • 18.01.13

«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել համացանցում տարածված մի քանի տեսանյութերի առնչությամբ, որոնցում ծաղրի է ենթարկվում «Գարեգին Նժդեհ» ֆիլմը։ Նախաձեռնությունը դատապարտում է այս երևույթը և հայցում Գարեգին Նժդեհի ներողամտությունը։


Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.


«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է մի խումբ ապազգային տարրերի կողմից «Գարեգին Նժդեհ» ֆիլմի դեմ ուղղված էժանագին արշավանքը:


Նախաձեռնությունը ստիպված է հիշեցնել, որ հենց Գարեգին Նժդեհի շնորհիվ է, որ հիմա մենք անկախ պետականություն ունենք:


Եվ այսօր ուղղակի ապշել կարելի է այն տեսարանից, թե ինչպես են մի խումբ հայ երիտասարդներ հրճվում և հաճույք ստանում ֆիլմում հերոսի կերպարը ծաղրելուց՝ հրաշալի նվեր մատուցելով մեր թշնամիներին:


Մեկ բան ակնհայտ է. առողջ միտք ու հոգի ունեցող հայ մարդն այսպիսի այլանդակություններ իրեն թույլ չի տա: Խելքի եկեք:


Ներիր մեզ Գարեգին Նժդեհ, ներիր մեզ, որ քեզ ծաղրում են միայն նրա համար, որ Հայրենիք ես վերածնել, ներիր մեզ նրա համար, որ քեզ չի ծաղրում թշնամին, քո անունը ոտնակոխ է անում Հայը, քո արյունակիցը, ով քո արյունով վերածնվեց»։