Օսկար դե լա Ռենտան կվերադարձնի Գալյանոյին նորաձևության աշխարհ
Դիզայներ Օսկար դե լա Ռենտան կօգնի իր վաղեմի ընկերոջը՝ Ջոն Գալյանոյին, վերադառնալ նորաձևության աշխարհ. վերջերս նա 3 շաբաթով հրավիրել էր Գալյանոյին աշխատել Նյու Յորքի Oscar de la Renta ստուդիայում, գրում է buro247-ը։
«Մենք գիտենք միմյանց երկար տարիներ, և ես հիանում եմ նրա տաղանդով։ Նա շատ երկար ժամանակ փորձում էր ապաքինվել, և ես երջանիկ եմ նրան նորաձևության աշխարհ վերադառնալու հնարավորություն ընձեռելու համար»,- ասել է Օսկար դե լա Ռենտան։
Երեք շաբաթվա ընթացքում Գալյանոն կարող է իրագործել ցանկացած նախագիծ։ Թե հատկապես ինչ, դիզայները չի նշում։ «Ջոնը պարզապես պետք է կրկին ընկղմվի ստեղծագործական մթնոլորտի մեջ»,- ասել է նա։
«Ես հարբեցող եմ, սակայն բուժվում եմ այդ կախվածությունից երկու տարի շարունակ։ Ես անում և ասում էի այնպիսի բաներ, որոնք վիրավորում էին շրջապատի մարդկանց, հատկապես՝ հրեաներին։ Ես ապաշխարել եմ թե՛ ինքս իմ առաջ, և թե՛ հրապարակայնորեն այն ամենի համար, ինչը ցավ է պատճառել մարդկանց։ Ես դեռ շարունակում եմ ներողություն խնդրել»,- խոստովանել է Գալյանոն։










