Փարիզի բնակիչը 15 տարի բնակվել է 1.56 քառ. մետր մակերեսով սենյակում
Փարիզի բնակիչը 15 տարի բնակվել է գրեթե անմարդկային պայմաններում՝ 1.56 քառ. մետր մակերեսով սենյակում, որտեղ կար միայն ներքնակ, զուգարանակոնք և խոհանոցային փոքրիկ վառարան: Այս ամենի համար նա ամսական վճարել է 330 եվրո, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ, որը ներկայացնում է անշարժ գույքի վերլուծաբանների տվյալները, Փարիզում վարձը բնակարանի մեկ քառ. մետրի համար կազմում է միջինում 24,4 եվրո:
Խցի բնակիչը, սակայն մեկ քառ. մետրի համար փաստացի վճարել է 211 եվրո: Նա նշել է, որ այլընտրանք չի ունեցել՝ հակառակ դեպքում ստիպված կլիներ դրսում գիշերել:
Միևնույն ժամանակ, ֆրանսիական օրենսդրության համաձայն վարձակալությամբ տրվող բնակելի տարածը պետք է լինի առնվազն 9 քառ. մետր, իսկ առաստաղի բարձրությունը՝ ոչ պակաս քան 2,2 մետր: Այլ կերպ ասած, նման խուցը վարձով տրամադրելը օրենքի խախտում էր, և «բնակարանատերը» հավանաբար մեծ տուգանք կվճարի:
Բարեգործական կազմակերպությունները նշում են, որ այս դեպքը միակը չէ, և տարեկան նմանատիպ մոտ 50 իրավախախտում է արձանագրվում: Մարդիկ, սակայն, հիմնականում չեն դիմում իշխանություններին՝ իրենց «անմարդկային պայմաններով» կեցավայրը չկորցնելու համար:










