Աբխազիայի նախագահը աղոտ է պատկերացնում, բայց չի բացառում երկաթուղու վերաբացումը
Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը դեռ հստակ հեռանկարներ չի տեսնում հանրապետության միջով (Հայաստան-Վրաստան-Աբխազիա-Ռուսաստան/ խմբ.) երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցում, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Երևանում հայտարարել էր, որ Թբիլիսին պատրաստ է Աբխազիայի հետ քննարկել երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը, երբ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորվեն:
«Աբխազիայի ղեկավարությանը որևէ մեկը չի դիմել հանրապետությունով միջանցիկ երկաթուղային հաղորդակցության վերագործարկման հարցով», - ասել է Անկվաբը այսօր Սուխումիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ եթե որևէ կոնկրետ առաջարկներ լինեն, ապա բացառված չէ դրանց «կոլեկտիվ» (հասարակական) քննարկումը: Նախագահը նաև նշել է, որ հասկանում է այլ երկրների հետաքրքրվածությունը Աբխազիայի միջով երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցում, սակայն «աղոտ» է դա կարողանում պատկերացնել, թե «ինչպես է հնարավոր այդ ամենն իրականացնել»:
«Կարող եմ հիշեցնել, որ Անդրկովկասյան երկաթուղու աբխազական հատվածով խորհրդային շրջանում 24 զույգ բեռնատար և 14 զույգ ուղևորատար գնացք էր անցնում: Բեռների 13 — 15% -ը Անդրկովկաս էր գնում: Թե ինչ է հնարավոր հիմա, ես դժվարանում եմ ասել», - ավելացրել է նա:










