Սևան ազգային պարկը նախատեսվածից 32.5 մլն պակաս գումարներ է վճարել բյուջե
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի այսօրվա նիստում, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, քննարկվել և հաստատվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2012թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը, հայտնում է Հայաստանի տարածքային կառավարման նախարության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Կազմակերպության 2012թ-ի փաստացի մուտքերը կազմել են 390 մլն դրամ`նախատեսված 423.5 մլն դրամի դիմաց, այսինքն թերակատարվել են 33.5 մլն դրամով։ Այնուամենայնիվ, 2011 թ. համեմատ եկամուտներն ավելացել են 63 մլն դրամով:
Անդրադարձ է եղել նաև «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող հողի վարձակալության վարձավճարներից համապատասխան համայնքային բյուջեներ փոխանցվող գումարների չափին: Նշվել է, որ 2012 թ-ին համայնքային բյուջեներ է փոխանցվել 39 մլն դրամ`նախորդ տարվա 19 մլն դրամի դիմաց, ներկայումս ՊՈԱԿ-ի հետ վարձակալության պայմանագրեր ունի 18 համայնք:
Ա. Գևորգյանը նշել է, որ համայնքային բյուջե փոխանցվող գումարների արձանագրված աճի միտումը պետք է պահպանել և աշխատանքներ տանել դրանք ավելացնելու ուղղությամբ: Հանձնարարվեց խորհրդի հաստատմանը ներկայացնել իրավական առումով խնդիրներ չունեցող վերակնքման ենթակա պայմանագրերը:
Խորհուրդը քննարկել է նաև ՊՈԱԿ-ի 2013թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի նախագիծը: Ընդամենը եկամուտները ծրագրված է 450 մլն դրամ` նախորդ տարվա 423.5 մլն դրամի դիմաց: Որոշվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2013 թ. եկամուտների և ծախսերի նախահաշիվը հաստատել`համապատասխանեցնելով այն հունվարի 1-ից գործող եկամտային հարկի և նվազագույն աշխատավարձի դրույքաչափի մասին օրենսդրության պահանջներին: Որոշվել է նաև, որ ՊՈԱԿ-ի 2013 թ. առաջին կիսամյակի արդյունքներն առանձին կքննարկվեն խորհրդի նիստում:










