Տիմոշենկոյին նոր մեղադրանք է ներկայացվել, որով նրան ցմահ ազատազրկում է սպառնում
Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը ավարտել է 1996թ. երկրի ազգային ժողովի պատգամավոր Եվգենի Շերբանյայի սպանության քրեական գործի քննությունը և այդ գործով երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին կասկածում են նրա սպանության մեջ, հաղորդում է korrespondent.net-ը:
«Քննության կողմից հավաքվել են նյութեր, որոնք վկայում են այն մասին, որ Տիմոշենկոն իսկապես պատվիրել է տվյալ սպանությունը Լազարենկոյի հետ միասին: Այսօր Գլխավոր դատախազության քննչական խումբը ժամանել է Տիմոշենկոյի մոտ, որ նրան հանձնվի հանցագործության կատարման կասկածանքը», - մամուլի ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան:
Նա նաև հայտարարել է, որ հոդվածը, որով Տիմոշենկոյին մեղադրանք է ներկայացվել պատգամավոր Շերբանյայի սպանության քրեական գործով, նախատեսում է ցմահ ազատազրկում:
Գլխավոր դատախազի խոսքով, Տիմոշենկոն և Լազարենկոն Շերբանյաի սպանության համար 2,8 մլն ԱՄՆ դոլար են վճարել:
Պշոնկան, որպես այդ հանցագործության դրդապատճառ ներկայացնում է Շերբանյա – Տիմոշենկո բիզնես-հակամարտությունը:
Նույն գործով 2003թ. Լուգանսկ քաղաքի վերաքննիչ դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Վադիմ Բոլոտսկիխին` Շերբանյայի սպանության իրականացման մեղադրանքով:
Շերբանյայի տղան` Դոնեցկի մարզխորհրդի պատգամավոր Ռուսլան Շերբանյան, 2012թ. ապրիլին հայտարարել էր, որ Գլխավոր դատախազությանն է փոխանցել փաստաթղթեր Յուլյա Տիմոշենկոյի և Պավել Լազարենկոյի իր հոր սպանության գործում հնարավոր ներգրավվածության վերաբերյալ:
Իրենց հերթին Տիմոշենկոն և Լազարենկոն կտրականապես հերքում են իրենց մասնակցությունը սպանությանը: Ուկրաինական լրատվամիջոցը հիշեցնում է, որ 1995թ. տեղի ունեցած Շերբանյայի սպանությունը Ուրաինայի պատմության ամենահնչեղ գործերից էր: Ավելի վաղ, երկրի գլխավոր դատախազի տեղակալ Ռենատ Կուզմինը հայտարարել էր, որ սպանությունը իրականացրած հանցախմբի հաշիվներին գումարները ստացվել են Տիմոշենկոյի և Լազարենկոյի գլխավորած ЕЭСУ կորպորացիայի մեջ մտնող ընկերություններից:
Լուսանկարը՝ Reuters-ի










