ԱՄՆ Հայ դատի գրասենյակը Օբամային կոչ է անում հանդիպել հայ համայնքի ղեկավարների հետ
ԱՄՆ Հայ դատի գրասենյակը այսօր շնորհավորական ուղերձ է հղել նախագահի պաշտոնում Բարաք Օբամայի երկրորդ երդմնակալության կապակցությամբ և կոչ է արել վերսկսել հարաբերությունները ամերիկահայերի հետ և մինչև Ապրիլի 24-ը հանդիպել համայնքի ղեկավարների հետ։
«Մենք շնորհավորում ենք Ձեզ՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, ողջունում Ձեր երդմնակալությունը և ԱՄՆ-ի երկու միլիոն հայերի անունից վերահաստատում մեր հետաքրքրվածությունը՝ աշխատելու Ձեր վարչակազմի հետ»,- ասված է նամակում։
Հայ Դատի գրասենյակը նաև էլեկտրոնային նամակների արշավ էր սկսել՝ Օբամային հարցնելու, թե արդյոք ե՞րբ է կատարելու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստումը։
Նամակային արշավի մասնակիցները նախագահին հիշեցրել են, որ սենատոր եղած տարիներին նա հաստատել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատմական ճշմարտությունը հաստատելու անհրաժեշտությունը։










