ԼՂՀ նախագահը Հադրութում խորհրդակցություն է անցկացրել
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է քաղաք Հադրութ, որտեղ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված շրջանում գյուղատնտեսության զարգացմանը, այս մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ բնագավառի դինամիկ զարգացման համար առկա են բոլոր նախադրյալները` բնակլիմայական, պատմական և սոցիալ-տնտեսական:
ԼՂՀ նախագահը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի իրականացման ժամանակ հատուկ ուշադրություն պետք է դարձնել պիլոտային նախագծերի իրականացմանը, որոնք կբացահայտեն ծրագրերի բացասական և դրական կողմերը, ինչպես նաև հնարավորություն կտան ընդլայնել այդ ծրագրերի շրջանակները` հաշվի առնելով արձանագրված արդյունքները:
Խորհրդակցությանը մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, շրջվարչակազմի ստորաբաժանումների և համայնքների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:










