Դեդ Հասանի մարմինը վերադարձրել են Մոսկվա. վրացական կողմը չի ընդունել այն

15:06 • 19.01.13

Ուկրաինական Դոնեցկ քաղաքից Մոսկվա է վերադարձվել օրերս սպանված քրեական հեղինակություն Դեդ Հասանի՝ Ասլան Ուսոյանի դիակը. վրացական իշխանությունները թույլ չեն տվել երկրի տարածքում հուղարկավորել «օրենքով գողի» մարմինը, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին։

 

Ավելի վաղ Ուսոյանի հարազատները դիմել էին վրացական իշխանություններին՝ խնդրելով թույլ տալ հուղարկավորությունը կատարել այդ երկրի տարածքում, որտեղ ծնվել է քրեական հեղինակությունը։

 

Ուրբաթ հայտնի էր դարձել, որ նրա մարմինը տեղափոխվել է Դոնեցկ, որտեղից էլ պետք է այն հասցվեր Վրաստան, սակայն վրացական իշխանությունները թույլ չեն տվել «օրենքով գողին» հուղարկավորել երկրի տարածքում։

 

«Ամենայն հավանականությամբ, Դեդ Հասանը կհուղարկավորվի Մոսկվայի Դանիլովյան գերեզմանատանը»,- ասել է աղբյուրը։

 

Ուսոյանի հարազատները մեղադրել են Վրաստանի իշխանություններին՝ նախօրեին նրա մարմինը տեղափոխող օդանավը թբիլիսյան օդանավակայանում չընդունելու համար։

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության տվյալների համաձայն՝ Թբիլիսում գտնվող հարազատները հայտարարել են, որ հենց կառավարությունը և անձամբ ՆԳ նախարար Իրակլի Գարիբաշվիլին են կարգադրել չընդունել օդանավը։

 

Սակայն Թբիլիսիի միջազգային օդանավակայանի աշխատակիցները չեն հաստատել այն տեղեկությունը, թե օդանավակայանը հրաժարվել է ընդունել քրեական հեղինակության դին տեղափոխող ինքնաթիռը։