Հնդկաստանը խոշոր ստորգետնյա զինապահեստներ է կառուցում Չինաստանի և Պակիստանի սահմաններին
Հնդկաստանը ստորգետնյա խոշոր զինապահեստներ է կառուցում Չինաստանի և Պակիստանի սահմաններին
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունն սկսել է Չինաստանի և Պակիստանի հետ սահմաններին ստորգետնյա խոշոր զինապահեստների և պաշտպանական շինությունների կառուցման ծրագիրը, հաղորդում է lenta.ru-ն:
Պատերազմի դեպքում նման պահեստները հուսալի մատակարարում կապահովեն հնդկական զորքերի համար, նշում է կայքը:
Երկրի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Բիկրամ Սինգհի խոսքով, սահմանամերձ պահեստներում կտեղակայվի նվազագույնը 2-2,5 հազար տոննա տարբեր տեսակի զինամթերք:
Ներկայում արդեն աշխատանքներ են տարվում Չինաստանի հետ սահմանակից բնակավայրերում ստորգետնյա, թունելային տիպի պահեստարաններ կառուցելու ուղղությամբ:
Հնդկաստանի ՊՆ-ն ի դեմս Չինաստանի է «իրական վտանգի աղբյուր տեսնում` երկարաժամկետ կտրվածքով» և այդ պատճառով առաջնահերթ Չինաստանի հետ սահմանին 5 խոշոր պահեստ կկառուցվի:
Մոտ ապագայում կսկսվի նաև Պակիստանի սահմանին նույնատիպ պահեստարանների կառուցումը:
Ներկայում Հնդկաստանի զինված ուժերը 800 հազար տոննա տարբեր տեսակի զինամթերք ունեն, որոնցից 450 հազարը տեղակայված են ժամանակակից, հուսալի զինապահեստներում: Մնացածը բաց պահման պահեստներում են:
Հնդկաստանը նաև 18 երկար ստորգետնյա պահեստներով թունելներ կկառուցի, որոնք նույնպես պետք է տեղակայվեն Չինաստանի և Պակիստանի սահմաններին:
Դրանք կօգտագործվեն զորքերի արագ և անվտանգ տեղաբաշխման և սպառազինության մատակարարման համար: Բացի այդ, դրանք կարող են կիրառվել որպես ապաստարաններ` ատոմային կամ այլ տեսակի զանգվածային ոչնչացման զենքից պաշտպանվելու համար:










