Ի՞նչ է կատարվում մորս հետ. Տիմոշենկոյի դստերը թույլ չեն տվել տեսակցել մորը

16:35 • 19.01.13

Ազատազրկման դատապարտված Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դստերը՝ Եվգենիային, այսօր թույլ չեն տվել տեսակցել մորը, որն առողջական խնդիրների պատճառով գտնվում է Խարկովի հիվանդանոցում, հայտնում է newsru.com-ը։

 

«Ցավոք, ինձ թույլ չտվեցին տեսակցել նրան նույնիսկ մեկ րոպեով։ Ասացին, թե այսօր հանգստյան օր է։ Հարց է առաջանում՝ ի՞նչ է կատարվում մորս հետ։ Ինչպիսի՞ն է նրա առողջական վիճակը»,- լրագրողներին ասել է նա։

 

Եվգենիան ասել է, որ նման տեղեկություն ստանալու պահանջով գրավոր դիմել է հիվանդանոցի գլխավոր բժշկին։ Վերջինս արագ արձագանքել է՝ պատասխանելով, որ Տիմոշենկոյի վիճակը նորմալ է, նա իրեն նորմալ է զգում։

 

Հիշեցնենք, որ երեկ Տիմոշենկոյի վիճակը կտրուկ վատացել է, այնուհետ պարզվել է, որ Գլխավոր դատախազության քննչական խումբն այցելել է Տիմոշենկոյին և տեղեկացրել, որ նա կասկածվում է պատգամավոր Եվգենի Շերբանյայի սպանության մեջ. նրան սպառնում է ցմահ ազատազրկում։