Դինքը մահապարտ էր, ում նպատակը թուրք հասարակությունում իշխող կեղծիքի մեջ բեկում մտցնելն էր. թուրքագետ

14:05 • 19.01.13

Հրանտ Դինքի գործունեության վերջին փուլը և նրա հոդվածները դիտարկելով պարզ է դառնում մի բան, որ նա մահապարտ էր, և քայլեր էր անում` իմանալով, որ ինքը դատապարտված է: Նրա նպատակն էր թուրքական հասարակությունում իշխող խաբեությունների, կեղծիքի մեջ բեկում մտցնել և նրան հաջողվեց հասնել իր նպատակին` թեկուզ մահից հետո:


Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:


Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» պարբերականի խմբագրապետի սպանությունից հետո անցել է 6 տարի, և թուրքագետը նախընտրեց նրա սպանությունից հետո տեղի ունեցած դեպքերը դիտարկել երեք տեսանկյունից` իրավական, քաղաքական և հասարակական:


Իրավական հարթությունում դիտարկելով այս ամբողջ գործընթացը, ըստ բանախոսի, կարելի է ասել, որ ոտնահարվեցին իրավական ամենատարրական նորմերը, քանի որ Դինքի իրավապաշտպանների առաջարկը՝ հանցագործությունը դիտարկել երեք հարթություններով` սպանությունից առաջ տեղի ունեցող գործընթացներ, բուն սպանություն և սպանությանը հաջորդած գործընթացներ, դատարանի կողմից չընդունելով՝ գործի քննությունը վերածեցին ֆարսի:


«Դատական եզրակացությունը եղավ այն, որ սա մոլեռանդ երիտասարդների կազմակերպածն է, և իրական կազմակերպիչները դուրս մնացին: Կարևոր վկաներ, որ պետական պաշտոնյաներ էին, չընդգրկվեցին գործում, դատական վճիռը չարտացոլեց ամբողջ իրողությունը»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:


Ըստ թուրքագետի՝ այս գործին քաղաքական տեսանկյունից նայելով, պարզ է դառնում, որ թուրքական իշխանությունների եվրոպական տարբեր ամբիոններից բազում հայտարարություններն առ այն, որ ամեն ինչ անելու են գործի լիակատար բացահայտման համար, ոչինչ են:

«Թուրքիայի բազմաթիվ բարձր պաշտոնյաներ, ովքեր ներառված էին Դինքի սպանության գործում, ոչ միայն չազատվեցին աշխատանքից, այլ ընդգրկվեցին ավելի բարձր պաշտոնների մեջ: Իրականությունը եղավ այն, որ թուրքական իշխանությունը կազմակերպեց, իրականացրեց և քողարկեց Դինքի սպանությունը»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:


Բանախոսը կարծում է, որ Դինքի սպանությունից հետո, իրականում, թուրք հասարակության մի փորք շրջանում բեկում եղավ, և Թուրքիայում հայերի նկատմամբ վերաբերմունքը փոփոխության ենթարկվեց: Այսօր արդեն կազմակերպվում են տարբեր ակցիաներ և այս գործի համատեքստում նոր բացահայտումներ են արվում Թուրքիայի ներսում` թուրք մտավորականների, իրավապաշտպանների, հրապարակախոսների կողմից: