Թբիլիսիի օդանավակայանում տեղյակ չեն Դեդ Հասանի մարմինը տեղափոխող ինքնաթիռի մասին
Թբիլիսիի միջազգային օդանավակայանի աշխատակիցները չեն հաստատել տեղեկությունը, թե օդանավակայանը հրաժարվել է ընդունել քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) դին տեղափոխող ինքնաթիռը. տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։
«Նման բան այսօր տեղի չի ունեցել և մարմինը Թբիլիսի չեն հասցրել։ Մեզ ոչինչ հայտնի չէ նրա մարմինն այստեղ հասցնելու մտադրության մասին։ Մեր կողմից որևէ մերժում չի եղել։ Մեզ նաև ոչինչ հայտնի չէ հատուկ չվերթների մասին»,- ասել են Թբիլիսիի օդանավակայանից։
Ռուսաստանում մեծ ազդեցություն ունեցող քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը սպանվել էր հունվարի 16-ին՝ Մոսկվայի կենտրոնում։
Որոշ լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Թբիլիսիի օդանավակայանը երեկ գիշեր հրաժարվել է ընդունել հատուկ չվերթը, որով Դեդ Հասանի հարազատները ցանկացել են դին տեղափոխել Վրաստան և հուղարկավորել այնտեղ։










