Առատ ձյան տեղումներ Եվրոպայում. հետաձգվել են հարյուրավոր թռիչքներ

19:28 • 20.01.13

Ողջ Եվրոպան պատած ձյունը կաթվածահար է արել տրանսպորտային կապուղիները Բրիտանիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում: Եվրոպական խոշորագույն ավիաընկերությունները ստիպված են եղել հետաձգել հարյուրավոր չվերթներ, հայտնում է РБК-ն:

 

Ձնահավաք տեխնիկան չի հասցնում ձնամաքրման աշխատանքների այս ծավալները. չի հաջողվում անհրաժեշտ ժամանակահատվածում մաքրել թռիչքուղիները:

 

Վատ եղանակային պայմանների պատճառով հայտարարվել է օդերևութաբանական տագնապի «նարնջագույն» մակարդակ: Շառլ դը Գոլ և Օրլի օդանավակայաններում չեն իրականացվել մոտ 650 չվերթներ, հաղորդել է Aéroports de Paris ընկերության ներկայացուցիչը:

 

Իսկ կատարման ենթակա չվերթներն իրականացվում են 40-50 րոպե հետաձգումով: Արդեն երկրորդ օրն է՝ ձյան տեղումները չեն դադարում, իսկ սաստիկ ցրտի պատճառով մասամբ սառցակալած Սեն գետով փոխադրումներն իրականացվում են սահմանափակումներով:

 

Լոնդոնյան Հիթրոու օդանավակայանում վատ եղանակային պայմանները ստիպել են չեղյալ հայտարարել ամեն 5րդ չվերթը, իսկ Ֆրանկֆուրտի օդանավակայանում հանգստյան օրերին չի իրականացվել 130 չվերթ: