Սաակաշվիլիի հրաժարականի պահանջին միացել են նաև Սամցխե-Ջավախքից
Tert.am-ը հայտնել էր, որ այսօր Թբիլիսիում Վրաստանի նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպվել, որի մասնակիցները պահանջել են Միխեիլ Սաակաշվիլու հրաժարականը։
«Սաակաշվիլու նախագահության 2-րդ ժամկետը ավարտվում է հենց այսօր՝ հունվարի 20-ին, և նա ոչ մի իրավունք չունի իր պաշտոնում մնալ»,- Interfax-ի փոխանցմամբ լրագրողներին հայտնել է ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ «Միաբանություն» կազմակերպության ղեկավար Միխեիլ Անդգուլաձեն:
Նա ասել է, որ Սաակաշվիլու հրաժարականի պահանջով նման ակցիաները պարբերաբար շարունակվելու են ամբողջ Վրաստանի տարածքում, իսկ դրանք ավելի մասշտաբային են դառնալու:
Պարզվում է, որ Սաակաշվիլու հրաժարականի պահանջին միացել են նաև Սամցխե-Ջավախքից, հայտնում է akhaltskha.net կայքը։
Ախալցխայից Թբիլիսի ցույցի մեկնելու համար «Միասնություն հասարակության իրավունքների համար» կազմակերպության ներկայացուցիչները վաղ առավոտվանից սկսել են հավաքվել քաղաքի Շոթա Ռուսթավելու արձանի մոտ:
Ախալցխայի, Ասպինձայի և Ադիգենիի «Միասնություն հասարակության իրավունքների համար» ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչները մեկնել են մայրաքաղաք ժամը 9-ին, որին զուգահեռ քաղաքներում տեղակայված հատուկ վրաններում հավաքվել են ստորագրություններ ի դեմ Սաակաշվիլիի:
Ինչպես հայտնում է akhaltskha.net-ը, ցույցի մասնակիցները Վրաստանի խորհրդարանի նախագահին կոչ են արել ազատել Միխեիլ Սահակաշվիլիին երկրի նախագահի լիազորությունից: Ինչպես նշել են ցուցարարները, ըստ Վրաստանի կանոնադրության` հենց այսօր լրացել է Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության ժամկետը: Բողոքարարները որոշել են նախագահի նստավայրի մոտ տեղադրել շտաբ, իսկ հատուկ վրաններում մնալ 10 օրվա ընթացքում:
Լուսանկարը՝ akhaltskha.net-ի










