Շքեղ մեքենաների խցանումով , բայց առանց միջադեպերի. կայացել է Ասլան Ուսոյանի հուղարկավորությունը (լուսանկարներ, տեսանյութեր)
Մոսկվայի Խովանսկոե գերեզմանատանը տեղի է ունեցել քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի հուղարկավորությունը, որը, ըստ Interfax-ի, անցել է առանց միջադեպերի:
Իրավապահները միակ միջադեպ են անվանել այն, որ առավոտյան, դեռ նախքան Ուսոյանի դին գերեզմանատուն բերելը, նրա թիկնապահները տարածքից հեռացրել են ԶԼՄ-ների մի քանի ներկայացուցիչների:
Комсомольская Правда-ն խնդիրների շարքում նշում է շքեղ մեքենաների՝ Maybach-ների, Mercedes-ների և BMW-ների առաջացրած խցանումը գերեզմանատանը: Աղբյուրը հայտնում է, որ Ուսոյանի գերեզմանը գտնվում է կենտրոնական մուտքից մոտ 1 կմ հեռավորության վրա:
Նույն աղբյուրը նշում է, որ իր ներկայացուցչի գործունեությանը խոչընդոտել են «հյուրերի» թիկնապահները՝ ջնջել տալով լուսանկար և ձեռքից առնելով տեսախցիկը:
Life News-ը գրում է, որ հուղարկավորության արարողությունը տվել է մոտ 1 ժամ, ներկա է եղել մի քանի հարյուր մարդ: Երբ սև Cadillac-ով բերել են Ուսոյանի դին, մոտ 100 մարդ ոտքով առաջացել է նրա գերեզման: Նրանց հետևել են մոտ 150 մեքենաներ:
Նույն աղբյուրը գրում է, որ գերեզմանատան բոլոր մուտքերը դեռ արարողությունից ժամեր առաջ սկսել են հսկել թիկնապահները: Ասվում է նաև, որ սա վերջին 2 օրում 2-րդ հրաժեշտն է Ուսոյանին. հունվարի 18-ին նրան արդեն հրաժեշտ էին տվել Տրոեկուրովսկոե գերեզմանատանը, որտեղ դին տարել էին հիվանդանոցից:
Նույն առնչությամբ Взгляд-ը հայտնում է, որ գերեզմանատանը ուժեղացված են եղել անվտանգության միջոցառումները: Աղբյուրը նոր մանրամասներ է հաղորդում նախօրեին Թբիլիսիում Ուսոյանի դիով հատուկ չվերթը հետ ուղարկելու մասին: Ըստ այդմ՝ հարազատները ցանկացել են, որպեսզի նա հենց Վրաստանում հուղարկավորվի: Մերժում ստանալուց հետո նրանք մեղադրել են այդ երկրի իշխանություններին. մասնավորապես ասվել է, որ մերժման համար պատասխանատու է անձամբ Վրաստանի արտգործնախարար Իրակլի Ղարիբաշվիլին:
Վրաստան ուղարկված այս «բեռը» Life News-ն անվանում է «груз-200»` 2007-ի ռուսական թրիլերի վերնագրի համահնչությամբ:
Ուսոյանին սպանել էին Մոսկվայի կենտրոնում հունվարի 16-ին:










