«Դու ոչինչ չփչացրեցիր». Օբամայի դուստրը՝ Սպիտակ տանը հոր տված երդման մասին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դստրերը՝ Մալիան ու Սաշան, մեկնաբանել են Սպիտակ տան Երկնագույն սրահում կիրակի տեղի ունեցած իրենց հոր երդման արարողությունը, հայտնում է Взгляд-ը։
«Հիանալի աշխատանք, հայրի՛կ։ Դու ոչինչ չփչացրեցիր»,- գովել է հորը 11-ամյա Սաշան։
«Ես այնքան ուրախ եմ, ուռա՛»,- ասել է 14-ամյա Մալիան, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։
Սպիտակ տանն անցկացված արարողությանը ներկա են գտնվել միայն ԱՄՆ նախագահի մտերիմ մարդիկ՝ նրա կինը, դստրերը, զոքանչը, ինչպես նաև Մալիի և Սաշայի քավորն ու նրա կինը։ Միջոցառումը լուսաբանել են քիչ թվով լրագրողներ։
Օբաման այսօր կկրկնի երդումն արդեն «բոլորի համար», Կոնգրեսի շենքի մոտ կայանալիք պաշտոնական արարողության ժամանակ։ Այս արարողությունը կլինի առավել մասշտաբային։
Ուշագրավ է, որ նախորդ անգամ ևս Օբաման 2 անգամ է երդում տվել, սակայն այդ անգամ այլ պատճառով. Գերագույն դատարանի դատավոր Ջոն Ռոբերտսը շփոթել է երդման խոսքերը, Օբաման էլ կրկնել է նրա սխալը, այդ իսկ պատճառով նա ստիպված է եղել ևս մեկ անգամ տեքստն արտաբերել հաջորդ օրը։










