Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է

07:00 • 21.01.13

Այսօր՝ հունվարի 21-ին պաշտոնապես մեկնարկեց ՀՀ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: 

Ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է թեկնածուների, կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ:

Տվյալ դեպքում՝ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումն ավարտվեց հունվարի 14–ին, և դրան հաջորդող և–րդ օրն այսօր է։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն իսկ հրապարակել է նախագահի թեկնածուներին Հանրային հեռուստատեսությամբ և Հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը:

Նշենք, որ ըստ օրենքի, Հանրապետության նախագահի թեկնածուն իրավունք ունի անվճար օգտվել հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 60 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից ոչ ավելի, քան 120 րոպե:
Նախագահի թեկնածուն իրավունք ունի իր նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով օգտվել հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 120 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից` ոչ ավելի, քան 180 րոպե:

Նախընտրական քարոզարշավը կավարտվի փետրվարի 16-ին: Դրան կհաջորդի լռության օրը, իսկ փետրվարի 18-ին կլինեն բուն ըտրությունները։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու սույն թվականի փետրվարի 18-ին: Առաջադրված են 8 նախագահի թեկնածուներ՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ, «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի մաս կազմող «Ազատութուն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և գործազուրկ Վարդան Սեդրակյանը: