Հալեպում փակվել են դպրոցները, այդ թվում՝ հայկական

15:28 • 22.01.13

Անցնող օրերի ընթացքում Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպում իրավիճակը չի փոխվել. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեյիսյանը։


Նա նշեց, որ ընդհարումները շարունակվում են մի շարք շրջաններում, սակայն հայաշատ թաղամասերում համեմատաբար հանգիստ է։

Հավանաբար, միակ փոփոխությունն այն է, որ վերջերս վերաբացված հայկական վարժարաններն այս շաբաթ փակվել են՝ երկրի կրթության նախարարության որոշմամբ։

 

Վերջին 2-3 օրերի ընթացքում ցուրտը փոքր-ինչ մեղմացել է, տեղումներ գրեթե չկան, սակայն արդեն քաղաքում վառելանյութ գտնել հնարավոր չէ։


Փոքր-ինչ բարելավվել է հացի վիճակը. այժմ թեև քաղաքում հնարավոր է մասնավոր փռերում թխված հաց հայթայթել, սակայն այն բավական թանկ արժե։

 

Դեկտեմբերի 25-ից չի գործում Հալեպի միջազգային օդանավակայանը, և Հալեպ-Երևան-Հալեպ չվերթն արդեն 3-րդ շաբաթն է չի կայանում։


Փոխարենն այսօր կայանալու է Երևան-Լաթաքիա-Դամասկոս թռիչքը, որից հետո օդանավը նույն ճանապարհով հետ է վերադառնալու։ Իսկ թե ի՞նչ ճանապարհով հալեպահայերը կկարողանան հասնել Դամասկոս կամ Լաթաքիա, հայտնի չէ։
 

Ցամաքային ճանապարհը, շարունակվող բախումների պատճառով, չափազանց վտանգավոր է համարվում, իսկ տարածված տեղեկությունները, թե Հալեպից Լաթաքիա ուղղաթիռներ են լինելու, ճշտել չի հաջողվում։