Նախագահի հացադուլ անող թեկնածու Անդրիաս Ղուկասյանը գիշերել է դրսում (տեսանյութ)

11:11 • 22.01.13

Հունվարի 21–ին՝ ՀՀ նախագահի թեկնածուների պաշտոնական քարոզարշավի մեկնարկը անժամկետ հացադուլով սկսած ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը երեկ ոչ միայն ողջ օրը, այլև գիշերն անցկացրել է փողոցում՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մոտ դրված պլաստմասե աթոռի վրա։ Իսկ նրա կողքին տեղադրված էր՝ «Վերջ շինծու ընտրություններին» բովանդակությամբ պաստառը:

 

Tert.am-ի այցելության պահին ՀՀ նախագահի թեկնածուն քնած էր: Ի դեպ, նկատեցինք, որ մինչ ՀՀ նախագահի թեկնածուն ննջում էր, Ազգային Ժողովի մայթից «Տոյոտա» մակնիշի սև մեքենայի իջեցված ապակիներից Անդրիաս Ղուկասյանին որոշ ժամանակ ուսումնասիրեցին, ապա մեքենան շարժվեց տեղից: Իսկ պատահական անցորդները առանց որևէ բառ ասելու նայում էին թեկնածուին, կարդում պաստառն ու հեռանում:

 

Արթնանալով՝ Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց Tert.am-ի հարցերին: Երեկ ողջ օրվա ընթացքում նրան այցելել են ընկերները, հարազատներն ու «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով երեկ հայտարարել էր, որ այցելելու է Անդրիաս Ղուկասյանին, որպեսզի համոզի՝ դադարեցնել հացադուլը:

 

«Ես գտնում եմ, որ պայքարը չի կարող լինել կիսատ: Հայտարարված էր անժամկետ հացադուլ, և եթե չիրականանան այն քաղաքական պահանջները, որոնք ներկայացրել էի և այլ իրադրության նախադրյալներ չստեղծվեն, ես չեմ դադարեցնի»,- իրենց զրույցի արդյունքի մասին հայտնեց ՀՀ նախագահի թեկնածուն:


Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանի պահանջներից մեկն այն է, որպեսզի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները դադարեցնեն Հայաստանում դիտորդական առաքելությունը, իսկ պետությունը չգրանցի գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

 

Անդրիաս Ղուկասյանը, անիմաստ համարելով Հայաստանում այս միջազգային առաքելության ներկայությունն ու աշխատանքը, ավելին՝ համարելով, որ այն ՀՀ իշխանությունների ձեռքին քաղաքական գործիք է դառնում, ասաց. «Մենք գիտենք, որ 2008–ի ընտրություններում այդ առաքելության զեկույցը հիմք դարձավ իշխանությունների համար՝ ուժ կիրառելու ընտրությունների դեմ պայքարող մարդկանց համար»:

 

Նախագահի հացադուլ հայտարարած թեկնածուին երեկ բժիշկներ չեն այցելել և ինքն էլ նման որևէ պահանջ չի դրել: Ցրտից կապտած շրթունքներով թեկնածուն, որը տաքանալու համար նաև սև դիմակի նման ինչ-որ բան էր կրում, ի պատասխան հարցի, թե վրան չի՞ պահանջելու, նշեց.«Մեր պետությունը թույլ չի տալիս վրան տեղադրել»:

 

Անդրիաս Ղուկասյանը նաև նշեց, որ իր ընտանիքը ամբողջությամբ աջակցում է իր՝ հացադուլի դիմելու որոշումը: