Բան Կի Մունն ու Լախդար Բրահիմին հիասթափված են. նրանք քննադատել են Սիրիայի կառավարությանն ու ընդդիմությանը

09:48 • 22.01.13

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ու Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին քննադատել են սիրիական հակամարտության երկու կողմերին, ինչպես նաև նրանց զինող արտաքին ուժերին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

Նրանց հանդիպման արդյունքների մասին տեղեկություն է տարածել համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունը։

 

«Նրանք (Բան Կի Մունը և Բրահիմին) երկուսն էլ խորը հիասթափություն և ցավ են հայտնել սպանությունների և ավերածությունների չափերի վերաբերյալ, որոնք իրականացնում են ինչպես կառավարության ուժերը, այնպես էլ ընդդիմությունը։ Նրանք քննադատել են այն արտաքին ուժերին, որոնք զինում են երկու կողմերին»,-ասված է ՄԱԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

 

Մամուլի ծառայության համաձայն՝ Բան Կի Մունը և Բրահիմին նաև մտահոգություն են հայտնել միջազգային հանրության շրջանում միասնական տեսակետի բացակայության համար, ինչը կարող էր փոփոխությունների հանգեցնել՝ համաձայն անցյալ տարվա հունիսին Ժնևում ձեռք բերված համաձայնության, և վերջ դներ սիրիացի ժողովրդի չարչարանքներին։