Արման Մելիքյանը կասեցնում է քարոզարշավի ընթացքը

12:10 • 22.01.13

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ կասեցնում է քարոզարշավի ընթացքը, քանի դեռ լուծված չէ ընտրությունների օրինաչափության խնդիրը, քանի դեռ արդար ընտրություններ անցկացնելու նախադրյալներ չկան:


Արման Մելիքյանն ասաց, որ իր պահանջն առ այն, որ ԿԸՀ-ն ներկայացնի ՀՀ-ից հեռացած քաղաքացիների տվյալները, մերժվել է, և նախագահի թեկնածուն կարծում է, որ այդ ձայները հօգուտ իշխանական թեկնածուի կօգտագործվեն։

 

«Նախկին ընտրությունների ժամանակ այս առումով իրավիճակը չի փոխվել, և մենք չենք ուզում որևէ մեկին խաբել և քաղաքական, սոցիալական ու տնտեսական ծրագրեր ներկայացնել, քանի որ կլինեն հերթական կեղծարարական ընտրություններ, մենք, վերջապես, պետք է հրաժարվենք ստից, կեղծիք»,- ասաց Արման Մելիքյանը:


Արման Մելիքյանը կարծում է, որ ԿԸՀ-ի կողմից թեկնածուների պահանջարկը մերժելը իրենց վրա դրված պարտականությունների կատարման զլացում է:


«Ես դրական եմ համարում, որ ԿԸՀ-ն վերահասցեագրեց մեր դիմումը Ոստիկանության համապատասխան բաժանմունք, որը կարող է ցույց տալ, թե քանի սփյուռքահայ է ՀՀ քաղաքացիություն ստացել անկախության տարիներից, բայց մինչև օրս չեն բնակվել ՀՀ-ում: Ոստիկանությունից տրվող պատասխանները մեզ թույլ կտան կրճատել պոտենցիալ ընտրողների թիվը 2000-3000-ով»,- ասաց Արման Մելիքյանը:


Նախագահի թեկնածուն կարծիք հայտնեց, որ իր տպավորությամբ ՀՀ-ում փորձագիտական մի նեղ շրջանակ կա, ովքեր համոզված են, որ ժողովրդավարական սկզբունքներով պետություն ձևավորելը կենսունակ չէ:


«Ժողովրդի որոշումը էական չէ, իրենք պետք է որոշեն, անկախ ժողովրդի կամքից: Սա շատ վտանգավոր է մեր պետականության համար: Այս առումով իշխանությանն առաջարկված է երկխոսության ճանապարհ, որը թույլ կտա ստեղծված իրավիճակից դուրս գալ: Ինչ արվում է, պետք է ժողովրդի շահերից ելնի»,- ասաց Արման Մելիքյանը:


ԼՂՀ նախկին արտգործնախարարն ասաց, որ սա մարտահրավեր կամ որևէ մեկին մրոտելու փորձ չէ, բայց պետք է այս ընթացքը կանոնակարգել, քանի որ ամեն ինչ ստի վրա է կառուցված։