Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորի մոտ փամփուշտ է հայտնաբերվել

12:28 • 22.01.13

Հունվարի 21-ին` ժամը 05:55-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից Ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորի մոտ փամփուշտ է հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության կայքը:


Պարզվել է, որ օդանավակայանի հատուկ զննման ծառայության բաժնի աշխատակիցները Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևոր, 1983 թ. ծնված Մակար Գ.-ի դրամապանակից հայտնաբերել են 7,62 մմ տրամաչափի 1 փամփուշտ:


Մակար Գ.-ն բերման է ենթարկվել Ոստիկանություն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:


Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ այս միջադեպը որևէ առնչություն չունիՄոսկվայից Երևան ուղևորվող ինքնաթիռում ծեծկռտուքի և դրա հրահրողի ձերբակալության հետ:


Այս մասին, հիշեցնենք, տեղեկացրել էին ռուսական լրատվամիջոցները, մանրամասնելով, որ ռուսական S7 ավիաընկերությանը պատկանող օդանավում երկու ուղևորի միջև վիճաբանություն է սկսվել և նրանցից մեկն արձակել է ամրագոտին, կանգնել ու հարվածել է մյուսին, ինչի արդյունքում խուլիգանը մեկուսացվել է «բիզնես դասի» ուղևորների համար նախատեսված սրահ: