ԱԺ էթիկայի հանձնաժողովում Դավիթ Հարությունյանին կփոխարինի Հովհաննես Սահակյանը

10:20 • 22.01.13

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցությունը երեկ էթիկայի հանձնաժողովից հետ է կանչել Դավիթ Հարությունյանին և նրան փոխարինել նույն խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանով, քանի որ Դավիթ Հարությունյանը ծանրաբեռնվածության պատճառով չի կարողանում մասնակցել և՛ ԵԽԽՎ նիստերին, և՛ ԱԺ էթիկայի նիստերին, որի հանձնաժողովի նախագահն էր վեց ամիս առաջ:


Այս մասին Tert.am-ին հայտնեց Հովհաննես Սահակյանն՝ ի պատասխան հարցի, թե ինչով է պայմանավորված Դավիթ Հարությունյանին փոխարինելու որոշումը:


«Եթե նկատել եք, այս օրերին ԵԽԽՎ համապատասխան նստաշրջանն է, և քանի որ այս օրերին ակտիվ նիստեր է գումարում նաև Էթիկայի հանձնաժողովը, և կարևոր էր, որ մեր ներկայացուցիչը ներկա գտնվի, այդ իսկ պատճառով կատարվել է համապատասխան փոփոխությունը, որը մեր ֆրակցիայի լիազորությունների շրջանակներում է »,- մանրամասնեց Հովհաննես Սահակյանը:


Նշենք այն, որ երեկվանից Դավիթ Հարությունյանը ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ չէ, տեղեկացրել էր «Հայկական ժամանակը»:


Հիշեցնենք, որ հանձնաժողովն այս պահին շարունակում է քննել և այսօր էլ նիստ ունի ՝ կապված այսպես կոչված ՝ 83-ի գործի քննության հետ. դաշնակցական Արծվիկ Մինասյանը դիմում էր ուղարկել հանձնաժողով՝ կապված «Հանրապետական» խմբակցության ԱԺ արտահերթ նիստը բոյկոտելու հետ: Եվ երեկ էլ հրավիրված 17 պատգամավորներից ոչ ոք չի ներկայացել:


Ի պատասխան հարցի, թե ինչո՞վ է պայմանավորված այս բոյկոտը, Հովհաննես Սահակյանն ասաց. «Դե, պարզ է չէ՞, ինչու չենք ներկայացել. եթե մենք նախկինում հայտարարել ենք, որ քաղաքական բոյկոտ է, և դրա հետ կապված մեր խմբակցության ղեկավարը համապատասխան գրությամբ դիմել էր ԱԺ նախագահին, ամեն ինչ օրինականության դաշտում է, և կարիք չենք տեսնում՝ տալ նոր պարզաբանումներ: Բայց եթե կլինեն պատգամավորներ, որոնք ցանկություն կհայտնեն պարզաբանումներ տալ, որևէ խնդիր չենք տեսնում»:


Նշենք, որ նույն օրաթերթն այսօր անդրադառնալով serzhsargsyan.am կայքին, արել էր հետևյալ հարցադրումը, թե ինչո՞ւ է այստեղ ամեն ինչ ներկայացված այնպես, կարծես թե խոսքը նոր թեկնածուի մասին է, և ժամանակագրությունը սկսում է անցյալ տարվա դեկտեմբերի 15-ի ՀՀԿ համագումարից, որտեղ միաձայն որոշում կայացվեց գործող նախագահին առաջադրելու մասին:


Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի՝ այստեղ որևէ անբնական և անտրամաբանական բան չկա. President.am կայքում ներկայացված են փաստեր, նյութեր, որոնք վերաբերում են Սերժ Սարգսյանի նախագահական գործունեությանը, hhk.am-ում՝ կուսակցական գործունեությանը, իսկ serzhsargsyan.am-ը նախընտրական կայք է, որր զետեղված են միմիայն քարոզչական նյութերը: