Դեդ Հասանի թաղմանը Վարդան Ղուկասյանի մասնակցելու մասին լուրերը փողոցային խոսակցություններ են. խոսնակ

11:23 • 22.01.13

Մամուլում տարածված լուրը, թե անցած շաբաթ սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) Մոսկվայում կիրակի օրը տեղի ունեցած հուղարկավորությանը նախապես որոշված էր, որ պետք է մասնակցեր նաև Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, վերջինիս մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանը փողոցային խոսակցություններ է համարում:


«Ես ինձ շատ ցածրացած եմ զգում, որ մեկնաբանեմ այդ փողոցային խոսակցությունները, դրանք անտրամաբանական են, չեմ հասկանում, թե ինչու են կենտրոնացել այդ ընտանիքի վրա»,- ասաց նա՝ մեկնաբանելով «168 Ժամ» հրապարակումը։
 


Անդրադառնալով թերթի տեղեկություններին, թե քրեական հեղինակության հուղարկավորությանը Հայաստանից մեկնածների թվում է եղել նաև Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, խոսնակն ասաց, որ չգիտի, թե նա որտեղ է հիմա:


«Այս քաղաքը շատ ավելի լուրջ խնդիրներ ունի, որոնց կարող է լրատվությունն անդրադառնալ: Թե չէ կենտրոնանալ մեկ ընտանիքի վրա, նշանակում է ինչ-որ մարդիկ այդ ինֆորմացիան տարածելով աշխատավարձ են ստանում»,- նշեց նա։