«Եվրատեսիլ 2013»-ին Հայաստանը կներկայացնի Գոռ Սուջյանը (թարմացված)

21:38 • 22.01.13

«Եվրատեսիլ 2013»-ին Հայաստանը կներկայացնի ռոք երգիչ Գոռ Սուջյանը, ով կկատարի մարտի 2-ին կայանալիք երգի մրցույթում հաղթած երգը։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց «Եվրատեսիլ»-ի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը՝ նշելով, որ հաղթող երգը կճանաչվի ամենաշատ ժողովրդի կողմից sms ստացած երգը։

Հարցին, թե ինչու որոշվեց, որ հենց Գոռը կմասնակցի մրցույթին, Գոհար Գասպարյանը պատասխանեց. «Նա մեր լավագույն արական սեռի ձայներից մեկն է, և այն լավագույններից է, որը կարող է ուժերը փորձել «Եվրատեսիլում»։ Վերջին տարիների ընթացքում մեզ մոտ կանայք են եղել, հիմա արդեն ժամանակն է, որ արական սեռի ներկայացուցիչ ուղարկենք»։


Վերջինիս խոսքով Գոռը լավագույն ձայներից մեկն է, և իրենք մեծ հույսեր են կապում նրա հետ։ «2010թ.-ին նա դարձավ տարվա լավագույն երգիչ, նա շատ հեռանկարային տղա է և կարող է շատ հետաքրքիր դիտվել Եվրոպայում, եթե լինի համապատասխան գեղեցիկ երգ»,- ասաց Գոհարը՝ հավելելով, որ Գոռն անցած տարի էլ ցանկություն ուներ մասնակցելու, ուղղակի Հայաստանը որոշեց չմասնակցել Բաքվում կայացած մրցույթին։


Իսկ թե Գոռը ելույթ կունենա «Դորիանս» խմբի հետ, թե ոչ, ինչպես Գոհար Գասպարյանն ասաց, արդեն հետագայի հարց է, քանի որ կախված է երգից։

Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում Գոռ Սուջյանն ասել էր, որ այսօր ժամը 9-ին պարզ կլինի, և մինչ այդ ոչինչ չի ուզում մեկնաբանել։

Նշենք, որ ավելի վաղ շրջանառվում էր «Եվրատեսիլում» Սիրուշոյի մասնակցության հնարավորության հարցը։

Ավելին, «Եվրատեսիլի» պաշտոնական կայքը՝ Eurovision.tv-ն հայտնել էր, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը այժմ 2013-ի «Եվրատեսիլ» երգի մրցույթի իր մասնակցին ընտրելու գործընթացի մեջ է։ «Համառորեն շրջանառվում են լուրեր, որոնց համաձայն «փոքր կովկասյան երկիրը կարող է ներկայացնել Սիրուշոն»,- հայտնում էր կայքը։

Նշենք նաև, որ Գոռ Սուջյանը վերջերս «Մենք ենք մեր հայերը» հաղորդման ամանորյա թողարկման ժամանակ հայտարարել էր, թե «Դորիանս» խմբի փլուզման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, իրենք ուղղակի ժամանակավոր դադար են վերցրել՝ «relax-ի համար»: Գոռը, սակայն, չէր հերքել, թե այլևս չեն աշխատում իրենց պրոդյուսերի հետ՝ խոստանալով առաջիկայում կոնկրետ անդրադառնալ այդ հարցին։ 
 

Հայաստանն առաջին անգամ «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցել է 2006թ,-ին, Հունաստանի մայրաքաղաք Աթենքում: Հայաստանը այնտեղ ներկայացրել է երգիչ Անդրեն «Without your love» երգով, և եզրափակիչ փուլում գրավել է 8-րդ տեղը: «Anytime You Need» երգով 2007թ.-ին հանդես է եկել Հայկոն և նույնպես գրավել 8-րդ տեղը: 2008-ին Սիրուշոն իր «Քելե-քելե» երգով գրանցել է մինչ այժմ Հայաստանի համար գրանցված ամենաբարձր արդյունքը՝ 4-րդ տեղը: Հաջորդը Ինգա և Անուշ Արշակյաններն են ներկայացրել Հայաստանը և «Ջան Ջան» երգով գրավել 10-րդ տեղը: «Apricot Stone» կատարմամբ 2011թ.-ին հանդես է եկել Եվա Ռիվասը և զբաղեցրել 7-րդ տեղը: «Եվրատեսիլ» մրցույթի մեր վերջին մասնակիցը Էմմին էր, ով իր «Boom Boom» երգով մասնակցել է միայն կիսաեղրափակիչ փուլին:

 

Լուսանկարը՝ Muradyan Photography/ Գոռ Սուջյանի Facebook-ի էջից