Ինդոնեզիայի դատարանը բրիտանուհուն մահապատժի է դատապարտել թմրանյութերի մաքսանենգության համար
Ինդոնեզիայի դատարանն այսօր մահապատժի է դատապարտել Մեծ Բրիտանիայի քաղաքացուհուն՝ թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով France Press-ին։
«Մենք Լինդսի Սենդիֆորդին մեղավոր ենք ճանաչում թմրանյութերի ներմուծման համար և դատապարտում ենք մեղադրյալին մահապատժի»,- հայտարարել է դատավոր Ամսեր Սիմանջունթանկը։
Բրիտանուհին ձերբակալվել էր Բալիի օդանավակայանում մայիսին, երբ նրա ճամպրուկում հայտնաբերվել էր 4,8 կգ կոկաին։
Դատախազությունը պահանջել է 56-ամյա մեղադրյալին դատապարտել 15 տարվա ազատազրկման, քանի որ նա ընդունել է իր մեղքը և լավ պահել իրեն դատական լսումների ժամանակ։ Սակայն դատարանը մահապատժի որոշում է կայացրել։










