Գործազուրկների թիվն աշխարհում 2012-ին ավելացել է 4 մլն-ով

17:51 • 22.01.13

Աշխարհում գործազուրկ մարդկանց թիվն անցյալ տարի հասել է 197 միլիոնի, և մոտ ապագայում, հավանաբար, այդ թիվը կաճի. ինչպես տեղեկացնում է ռուսական Взгляд-ը՝ այս մասին ասված է «Զբաղվածության գլոբալ միտումներ- 2013» զեկույցում, որը պատրաստել է Աշխատանքի  միջազգային կազմակերպությունը։
 

Կազմակերպության Ժնևի շտաբ-բնակարանի տվյալներով՝ 2012թ.-ի ընթացքում գործազուրկների թիվն աշխարհում ավելացել է 4.2 միլիոնով, իսկ գործազրկության մակարդակը կազմել 5.9%։
 

Անցյալ տարվա ընթացքում աշխատանքից զրկվածների թվի միայն քառորդ մասն է բնակվում զարգացած երկրներում, մնացած 75%-ը բնակվում են զարգացող երկրներում, հիմնականում՝ Հարավարևելյան Ասիայում և Աֆրիկյան երկրներում։
 

Կազմակերպության գլխավոր տնօրեն Գայ Ռայդերն ասել է, որ պարզելու համար, թե որքանով է բացասաբար ազդում ճգնաժամն աշխատատեղերի թվի վրա, հարկ է նշել, որ աշխարհում 39 մլն մարդ դուրս են եկել աշխատաշուկայից՝ հույսը կտրելով աշխատանք գտնելու հնարավորությունից։