McDonald's-ը 700 հազար դոլար տուգանք կվճարի մուսուլմաններին
Աշխարհում արագ սննդի սպասարկման ռեստորանների խոշորագույն ցանցերից մեկը՝ McDonald's-ը, համաձայնել է 700 հազար դոլարի չափով տուգանք վճարել Դեթրոյթի մուսուլմանական ընկերակցության անդամներին, հայտնում է Лента-ն՝ հղում անելով Associated Press-ին։
McDonald's կորպորացիային մեղադրել են նրանում, որ իր գովազդային հայտարարություններում կեղծ տեղեկություն է ներկայացվում այն մասին, թե սննդամթերքը պատրաստված է մուսուլմանական օրենքների համաձայն։
Կորպորացիայի դեմ դատական հայցը ներկայացվել է 2011թ. սեպտեմբերին՝ Միչիգան նահանգի բնակիչ Ահմեդ Ահմեդի կողմից։ Հայցվորը պնդել է, որ McDonald's-ի ռեստորաններից մեկում ինքը գնել է հավով համբուրգեր, որն իրականում հալալ չի եղել (հալալ է համարվում այն սննդամթերքը, որը թույլատրվում է օգտագործել մուսուլմաններին)։
Ահմեդի փաստաբանի խոսքով՝ ԱՄՆ-ում գործում է McDonald's-ի ընդամենը 2 մասնաճյուղ, որտեղ հալալ սննդամթերք է վաճառվում։ Սակայն երբ այդ ռեստորաններում վերջանում են հալալ մթերքները, աշխատողները սկսում են սովորական մթերքներ օգտագործել։
Ըստ հայցի պայմանների՝ որպես տուգանք ստացված գումարը պետք է բաշխվեր բոլոր տուժածների միջև, ովքեր սնունդ են գնել McDonald’s-ի ռեստորաններում դրանց բացվելուց ի վեր։ Բայց քանի որ դա հնարավոր չէ, ապա գումարը փոխանցվել է Դեթրոյթի մուսուլմանական ընկերակցությանը։










